Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մարտի 8-ին, Կանանց օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մարտի 8-ի տոնական առիթով:

Մեր մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս եւ արդի ժամանակներում նաեւ պետական-հասարակական անդաստանում նշանակալի դերակատարություն ունեցող կանայք Աստծո օրհնությամբ արդար ու բարի արգասիքներով արդյունավորեն իրենց առաքելությունը, նոր ձեռքբերումներով եւ հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց եւ օրիորդաց, նրանց սրտերում միշտ զորավոր պահի հավատքն առ Աստված, անմնացորդ նվիրումի ու հավատարմության ոգին առ Հայրենին եւ ընտանիքը:

Երկնային շնորհներ, երջանիկ ու օրհնյալ կյանք Ձեզ, սիրելի մայրեր եւ քույրեր»: