Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարը Մայր Աթոռում

 Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարը Մայր Աթոռում 12.10.2012
Մոսկվայի կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավարը Մայր Աթոռում

 

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության եւ կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին:

Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգեւոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին եւ նրա հոգևոր արժեքները: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջեւ  հարաբերությունները ջերմ են ինչպես պետական, այնպես էլ հոգեւոր մակարդակում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, ինչպես նաեւ ՌԴ-ում հայ համայնքի եւ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմի կյանքին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Յուրի Արտյուխին` Մոսկվայի հայ համայնքին եւ  հայոց թեմին ցուցաբերվող զորակցության համար: 

Իր հերթին Յ. Արտյուխը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ողջույններն ու մաղթանքները: Իր խոսքում Յ. Արտյուխը նաեւ ընդգծեց Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական ընդարձակ համալիրի եւ  առաջնորդանիստ տաճարի կարեւորությունը` նշելով, որ այն զգալի դերակատարություն կունենա հայ համայնքի հոգեւոր կյանքում:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: