Մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի  հողօրհնեք  Մայր Աթոռ Ս. Էջմիածնում   21.10.2012
Մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքը

     Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն:
Մինչ արարողությունը Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ և բազում ուխտավորներ: Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:
 

     Այնուհետև հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակում կառուցվելիք մոմավառության սրահի և կաթողիկոսաց դամբարանի վայրը, որտեղ, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց նոր կառույցի (ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան և Հայկ Մկրտչյան) հողօրհնեքի արարողությունը: Արարողության վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց կառույցի բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյաններին (ԱՄՆ), որոնց ազնիվ հանձնառությամբ տարիներ առաջ կառուցվել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքը:
 
 

     Ապա ներկաներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ նաև շրջայց կատարեցին Հին Վեհարանում` ծանոթանալով նորոգման աշխատանքների ընթացքին: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը հայտնեց տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին և Սեդրակյան ընտանիքին, որոնց սրտաբուխ նվիրատվություններով նորոգվում է Հին Վեհարանը: