Միջեկեղեցական աղոթք Մայր Թերեզայի գերեզմանի մոտ
Սեպտեմբերի 10-ին, Աստծուց` Մայր Թերեզայի ներշնչվելու 60-ամյակի կապակցությամբ, նրա գերեզմանի մոտ տեղի ունեցավ միջկրոնական եւ միջեկեղեցական աղոթք, որին մասնակցում էին Կալկաթայի քրիստոնեական եկեղեցիների, հինդու, բուդդայական, մուսուլմանական, զրադաշտական, հրեական եւ այլ համայնքի ներկայացուցիչներ: Հայոց Եկեղեցին այս հոբելյանին ներկայացված էր ի դեմս հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանի:
Միջոցառման ընթացքում բոլոր բանախոսներն անդրադարձան Կալկաթայի Երանելի Թերեզայի կյանքին եւ գործունեությանը` շեշտելով նրա անսահման սերն ու նվիրվածությունը աղքատ եւ կարիքավոր մարդկանց նկատմամբ: Նրանք նաեւ ընդգծեցին, որ իր մարդասիրական գործունեության շնորհիվ Մայր Թերեզան սիրված է եղել ամենքի կողմից, քանզի կարիքավորներին եւ տնանկներին օգնելն աստվածային շնորհ է:
Ներկաներին իր սրտի խոսքն ուղղեց նաեւ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Նա ժամագրքից աղոքք կարդաց Մայր Թերեզայի հոգու հանգստության համար` անդրադառնալով նրա կապվածությանը հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու հետ:
«Իր գործունեության շնորհիվ Մայր Թերեզան դարձավ ճշմարիտ սիրո, Աստծուն բոլորանվեր նվիրումի եւ օրինակելի ծառայասիրության պատգամաբերը երկրիս վրա` իր սրտի եւ հոգու ջերմությամբ պարուրելով աղքատներին, կարոտյալներին եւ կարիքավորներին: Նա իր իսկ կյանքով ցույց տվեց, որ ամենքս էլ ստեղծված ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ` դառնալով սիրո քարոզիչը հանուր մարդկության մեջ: Եվ այսօր, երկնքից մեզ նայելով, նա նույն ծառայասիրությունն ու սերն է ցանկանում տեսնել մեր մեջ»,-նշեց Օշական վարդապետն իր խոսքում:
Միջոցառումն ավարտվեց միասնական ընդհանրական աղոթքով: