Միջազգային խորհրդակցություն Մայր Աթոռում
Հունիսի 11-12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հրավերով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և հյուրընկալությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով: Խորհրդակցությանը` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահության շրջանակներում, մասնակցելու են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում արծարծվելու են հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»:
Խորհրդակցության բացումը տեղի կունենա հունիսի 11-ին` ժամը 09:30-ին, «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթի:
Հունիսի 12-ի առավոտյան` ժամը 10.00-ին, խորհրդակցության մասնակիցները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: