Միաբանական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական հինգերորդ հավաքի մասնակիցները այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին: Հոգեշնորհ Հայրերը նաեւ կատարեցին հոգեհանգստյան արարողություն:

Ապա միաբանները մեկնեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր ծաղկեպսակ զետեղելուց հետո նախագահությամբ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթեցին Եղեռնի բյուրավոր նահատակների հոգիների հանգստության համար:

Հունիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբանական հավաքը շարունակեց իր աշխատանքները: Ժողովի երկրորդ օրը «Հայ Եկեղեցին եւ գլոբալիզացիան» խարագրով բանախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան զեկույցում առաջադրված խնդիրների վերաբերյալ:

Նույն օրը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ներկայացրեց «Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի գործունեությունը հայոց կրթօջախներում» խորագրով զեկույցը:

Օրվա ընթացքին քննարկման նյութ դարձան նաեւ մի շարք ծիսական-հովվական խնդիրներ: