Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Միաբանական համագումար  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  06.06.2012
Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ կառույցներում  ծառայող  81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Միաբանական հավաքին մասնակցում են նաեւ ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Տերունական միասնական աղոթքից հետո համագումարը բացեց կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Նարեկ վարդապետ Պերպերյանը (ԱՄՆ Արեւելյան հայոց թեմ): Իր խոսքում Հայր Սուրբն ընդգծեց երկու տարին մեկ Մայր Աթոռում անցկացվող միաբանական հավաքի կարեւորությունը եւ շահեկանությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում սպասավորող միաբանների համար, ապա ողջ միաբանության անունից որդիական երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրական հոգատարության համար:

Այնուհետեւ ներկաներին Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գնահատանք հայտնելով Մայր Աթոռի միաբաններին նվիրյալ, ամբողջանվեր ծառայության համար: Նորին Սրբությունը նշեց, որ միաբանների ներկայությունը զորացնում, ոգեւորում եւ լավատեսությամբ է լցնում դեպի Հայոց Եկեղեցու վաղվա օրը:  Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս օրերին միաբանները ոչ միայն ուրախություն պիտի ապրեն շփվելու իրենց եղբայրների հետ, այլեւ  անդրադարձ ունենալու իրենց կոչմանն ու առաքելությանը, տեղին ու դերին եկեղեցական կյանքում: Վեհափառ Հայրապետը հորդորեց նաեւ շարունակել նախանձախնդիր ծառայությամբ կերտել փառքը Հայոց Եկեղեցու` ունենալով առաջնորդությունն Երկնավոր Տիրոջ  եւ մեր հայրերի:

Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց հոգեւոր դասին հաստատուն մնալ իր ուխտի մեջ եւ առավելագույն արդյունավորությամբ ծառայություն իրականացնել ազգային-եկեղեցական կյանքում` զորեղ պահելով հայ ժողովրդի հավատը եւ ամուր ու հաստատուն` նրա ընթացքը Տիրոջ ճանապարհներին:

Մինչ ժողովի օրակարգին անցնելը համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Մակար ծայրագույն վարդապետ Աշկարյանը եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Եռօրյա  համագումարի քննարկման նյութ է ընտրված «Էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգեւորական քարոզչության առաքելության մեջ» թեման, որի շուրջ բանախոսություն ներկայացրեց Հայ Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի աշխատակից Արթուր Պետրոսյանը: Բանախոսությունից հետո  տեղի ունեցան խմբային քննարկումներ, որոնք առնչվում էին հոգեւոր հովվի եւ համայնքի անդամների միջեւ հաղորդակցության զորացման նպատակով համացանցի առավել լայն կիրառությանը, հոգեւոր-քարոզչական բնույթի նյութերի համացանցային գրավիչ մատուցմանը, նաեւ համացանցային վտանգների նվազեցմանը: