Միաբանական համագումարն ամփոփեց իր աշխատանքները
Օգոստոսի 18-ին, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում միաբանական չորրորդ համագումարն անցկացրեց վերջին իր նիստը, որին ներկա գտնվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համագումարի վերջին օրվա աշխատանքներին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Արցախի եւ հայաստանյան թեմերի առաջնորդներ եւ վանաբնակ եպիսկոպոսներ:
Նիստի ընթացքում Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը (Ֆրանսիա) հանդես եկավ «Միաբանը` որպես կառավարիչ» բանախոսությամբ, որին հաջորդեց ներկայացված նյութի քննարկումը:
Եզրափակիչ նիստում, Հայրապետական պատգամով համագումարի վերաբերյալ իր դիտարկումները միաբաններին փոխանցեց Ամենայն Հայոց Հովվապետը` կարեւորելով միաբանական հավաքների կազմակերպումը` միասնական միաբանական կյանքի զորացման, խնդիրների համատեղ քննարկման եւ համապատասխան առաջարկների ներկայացման համար: «Մենք ցանկացանք, որ այս հավաքները տեղի ունենան, որպեսզի գաք, վանքի մթնոլորտի մեջ ապրեք, ձեր ներկայությամբ շենանա եւ շնչի վանքը, մեկս մյուսով զորեղ զգանք մեզ եւ համընդհանուր մեր տեսիլքները հստակեցնենք մեր առաքելության մեջ»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կազմակերպիչ հանձնախմբին, բանախոսներին, ինչպես նաեւ բոլոր միաբաններին` համագումարի աշխատանքներին նախանձախնդիր մասնակցության համար:
Այնուհետեւ միաբանները մեկնեցին Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց եկեղեցու հարեւանությամբ ի հիշատակ թեմի հանգուցյալ առաջնորդական տեղապահ հոգելույս Տ. Դերենիկ վարդապետ Դավթյանի կանգնեցված խաչքարի բացման եւ օծման արարողությունը:
Կիրակի` օգոստոս 20-ին, միաբանները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա կգտնվեն Սուրբ Պատարագի: