Միաբանական համագումար` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Միաբանական համագումար` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 17.08.2006

Օգոստոսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեց ընդհանուր միաբանական չորրորդ եռօրյա համագումարը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաեվ Հայաստանի եւ սփյուռքի թեմերից ժամանած 65 միաբան հայրեր` ծայրագույն վարդապետներ, վարդապետներ ու աբեղաներ հերթական այս համագումարին քննության կառնեն միաբանի` որպես ժողովրդի հովվի, հավատքի ուսուցչի, քարոզչի, խորհրդատուի, վարիչի առաքելությանը առնչվող խնդիրներ:

իաբանական համագումարն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո միաբաններին բացման խոսքով դիմեց Գուգարաց թեմի Տավուշի մարզում փոխառաջնորդ, համագումարի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:

Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադառնալով ժողովրդի կյանքում առկա հոգեվոր խնդիրներին եւ Եկեղեցու առջեվ ծառացած մարտահրավերներին, հրամայական նկատեց միաբանների առաքելության պայմանների վերանորոգումը: Այդ առումով Հայր Սասունը կարեվորեց միաբանական հավաքների գումարումը, որոնք հնարավորություն են ընձեռում միասնաբար խորհրդածելու հոգեվոր կյանքի խնդիրների շուրջ, վերհաստատելու անվերապահ սերը հանդեպ Մայր Աթոռի, հավատարմությունը հանդեպ Ամենայն Հայոց Հայրապետի, անսակարկ նվիրումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայրենիքի նկատմամբ: Հանուն միաբանության վերստին հաստատելով հոգեվոր բանակի զինվորներ լինելու ուխտը` Հայր Սուրբը հրավիրեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը փոխանցելու ներկա միաբաններին:

«Հայրապետիս համար մեծ ուրախություն է տեսնել խմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր սիրելի միաբաններին: Գեղեցիկ ավանդույթ է ձեվավորվում Մայր Աթոռում, որ ամեն երրորդ տարին մեր միաբանները հավաքվեն Սուրբ Էջմիածնում` իրենց ուխտը վերանորոգելու հանդեպ մեր նվիրական սուրբ կենտրոնը, նաեվ իրար հետ մեկտեղ մի քանի գեղեցիկ օրեր ապրեն, իրենց փորձառությունը հոգեվոր եւ հովվական կյանքի մեջ փոխանակեն, իրենց մտահոգությունները կիսեն միմյանց հետ, ինչպես նաեվ իրենց երազներն ու տեսիլքները` մեր Եկեղեցու եւ ժողովրդի ապագայի վերաբերյալ...»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը հանգամանորեն անդրադարձավ Եկեղեցու առջեվ ծառացած խնդիրներին` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը, ամենօրյա քարոզչական, հովվական գործունեության առավել աշխուժացման անհրաժեշտությանը, հասարակական կյանքից ներս բարոյական առողջ մթնոլորտ ձեվավորելու առաքելությանը: «...Այնքան ժամանակ, որքան մենք չհաջողենք այս առաքելության լիարժեք իրագործման մեջ, այնքան ժամանակ արատավոր երեվույթները ուղեկիցը կլինեն մեր կյանքի, այնքան ժամանակ Աստծուց հեռացված կլինի հայորդին եւ Աստծո պատգամներն ու պատվիրանները չէ, որ առաջնորդող կլինեն իր կյանքում»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Խոսելով միաբանի կոչման, պարտականությունների եւ առաքելության մասին` Նորին Սրբությունը քաջալերեց միաբաններին լավագույնս օգտագործել այս առիթը` զորացնելու իրենց եղբայրությունը, ամրապնդելու հավատն ու ոգին, անդրադարձումի պահեր ապրելու, վերատեսության ենթարկելու կյանքն ու տեսիլքները, որպեսզի նոր ուժով ու եռանդով վերադառնան իրենց ծառայությանը: «...Մենք հավատում ենք, որ եթե մենք մեր ժամանակը լիարժեք, ամբողջական կերպով նվիրենք մեր ծառայությանը, կարող ենք ներկա ժամանակի եւ պայմանների մեջ իրապես հրաշագործել, մեր Եկեղեցու հեղինակությունը բարձրացնել հաչս մեր ժողովրդի, կանխել բոլոր այն քննադատությունները, որ արդար եւ անարդար ձեվով հնչում են մեր Եկեղեցու նկատմամբ, եւ Աստծո առջեվ արժանավոր մշակներ լինել, ազգի առջեվ արժանավոր զավակներ լինել, մեր նախնյաց առջեվ նրանց արժանավոր հաջորդները լինել»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքներին:

Ժողովի առաջին օրը մասնակիցներն ունկնդրեցին Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանի բանախոսությունը` «Միաբանը` որպես ժողովրդի հովիվ» թեմայով, որին հաջորդող հարց ու պատասխանից հետո առաջադրված հարցերի շուրջ տեղի ունեցավ քննարկում:

Նույն օրը բացման արարողության ավարտին միաբանները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեցին հանգուցյալ միաբան եղբայրների հոգիների հանգստության համար: