Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունվարի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը:
Այս առիթով Մայր Տաճարում Հայրապետական Սբ© Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական շքեղ թափորով, զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ամպհովանիով առաջնորդվեցին Մայր Տաճար:
Հայրապետական ամպհովանակիրներն էին ՀՀ Կառավարության սոցիալական վարչության պետ Արամ Կարապետյանը, «Արդշինինվեստ» բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ մոսկվաբնակ բարերար Գագիկ Գեւորգյանը: Որպես առընթերականներ Նորին Սրբությանը սպասավորում էին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, գիտության եւ մշակույթի գործիչներ:
Սբ. Պատարագի ընթացքին Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամն ուղղեց բարեպաշտ ժողովրդին: Անդրադառնալով Սբ. Ծննդյան խորհրդին` Վեհափառ Հայրապետն ի մասնավորի նշեց. «Անսպառ է մեր ուրախությունը, Փրկիչ մեր Տերը պարգեւել է մեզ նորոգված հոգի, վերածնված կյանք, որ ընթանանք դեպի Աստված, դեպի Արարիչը կյանքի, «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16):
Աստծո սիրո եւ ողորմության խորհուրդն է այսօր հսկում աշխարհը` վեր անցողիկ ունայնություններից, վեր ժամանակից: Ամեն ինչ խոնարհված է այս անսահման սիրո առջեւ` մարգարեական խոսքի համաձայն` ձորերը լցված են, լեռներն ու բլուրները` ցածրացած
, դժվարին տեղերը` դյուրին դարձած, առապարները` դաշտեր, եւ թագավորում է փրկության շնորհը (Եսայի Խ 4), որ աշխարհ մտավ Մանուկի հետ:
Ճշմարիտ նույն սիրով, որով աշխարհ եկավ Քրիստոս, համախմբեց իր ժողովրդին, որ լինեն Աստծո որդիներ, արքայության զավակներ: Իր ընտանիքը` Սուրբ Եկեղեցին, Քրիստոս հաստատեց սիրո պատվիրանի վրա, հրաշագործ այն զորության, որով մարդիկ միմյանց օտար չեն, այլ` յուրային: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 35),- ասում է մեր Տերը: Ում մեջ սեր կա, նա հետեւորդ է Աստծո, նա կատարում է Աստծո փրկարար կամքը:
Աստծո եւ միմյանց հանդեպ սերն է, որ խաղաղություն եւ համերաշխություն պիտի բերի բազում տագնապներով ապրող այս աշխարհին, բացառի մարդկանց, ազգերի իրավունքների ոտնահարումը, նրանց սրբությունների եւ հոգեւոր արժեքների կործանումը: Այդպիսի սիրով պիտի հաղթահարվեն չքավորությունը, հիվանդությունները, աղետների պատճառած հոգսերն ու վնասները: Այդպիսի սիրո լույսով աշխարհը պիտի նորոգվի, երկիրը երկինք դառնա, մարդկային կյանքով Աստված փառաբանվի»:
Այնուհետեւ Նորին Սրբությունն անդրադարձավ արարչաստեղծ ընտանիքի ընկալմանը, ընտանեկան արժեքներին եւ դրանց պահպանման կարեւորությանը: «Ընտանիքում են խնամվում եւ զորանում հավատքը, հույսն ու սերը, որոնցով ընտանեկան ազատ, ջերմ ու հարազատ միջավայրում մարդը աճում ու զարգանում է դեպի բարին ու կատարյալը: Աստված կազմեց եւ օրհնեց ընտանիքը, որ այն հաստատված մնա, աճի եւ բազմանա սիրո մեջ եւ արտացոլի Աստծո փառքը, Աստծո ներկայությունը եւ Աստծո խնամքը արարչության եւ բոլոր մարդկանց հանդեպ: Ընտանիքը կոչված է շարունակելու Աստծո արարչագործությունը եւ պաշտպանելու մարդկային հոգու աստվածապատկեր նկարագիրը: Իր այս կոչումով ընտանիքը սուրբ է, սնուցողը, կրողն ու փոխանցողը աստվածադիր պատվիրանների, որոնց վրա հաստատվում է կյանքը Տերունապարգեւ եւ կառուցվում են հարաբերությունները դեպի մերձավորը, առ մարդը եւ առ Աստված: Ընտանիքներում սերմանվող արժեքներն են, որ դրսեւորվում եւ տեղ են գտնում կյանքի մեջ: Ինչը կկարեւորվի ընտանիքներում, կուսուցանվի ուղղակի կամ անուղղակի միջոցներով` ազնվություն, թե կեղծիք, նախանձ, թե` բարի կամեցողություն, ատելություն, թե` գթասրտություն, չարախնդություն, արհամարհանք, թե` կարեկցություն ու մարդասիրություն, ամենը կարտահայտվի նաեւ հասարակական կյանքում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Ապա խոսելով ընտանիքների առջեւ ծառացող մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. «Այսօր արդի կյանքի առաջընթաց զարգացումների եւ ձեռքբերումների պայմաններում, դժբախտաբար, շարունակում են աճել ընտանիքների առջեւ ծառացող խնդիրները: Մտահոգություն են մնում ոչ միայն նյութական դժվարությունները, այլեւ ընտանիքում տեղ գտնող բռնություններն ու անհասկացողությունները, ընտանեկան սրբության, ընտանիքում անդորրի ու համերաշխության պահպանումը: Այսօր կյանք է ներթափանցում, նույնիսկ երբեմն օրենքներով հաստատագրվում ընտանիքի խեղված ընկալումը: Եղծվում է այր եւ կնոջ ամուսնական սուրբ միության աստվածահաստատ կարգը եւ աստվածաշնորհ սիրով որդեծնությամբ երջանկանալու պատիվը: Մենք չենք կարող ընդունելի համարել եւ անտարբեր մնալ աստվածամերժ այս իրողությունների հանդեպ, որքան էլ արդիականությամբ հանդերձավորվեն եւ ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների անվան ներքո հանդես գան: Այսօր անհրաժեշտ է, որ ընտանիքը, ինչպես եւ մարդը, արժեւորվի եւ գնահատվի իր աստվածապարգեւ կոչման ու պատկերի մեջ, լինի եւ մնա ճշմարիտ վկայողը մարդկանց հանդեպ Աստծո սիրո»:
Հայրապետական իր խոսքն ուղղելով աշխարհասփյուռ համայն հայությանը, Հայոց Հայրապետը պատգամեց. «Աստծո ընտանիքի անդամներն ենք եւ մենք, զավակներս Էջմիածնակնիք հայ ժողովրդի: Դարերի ընթացքին մեր պատմության մահաբեր հողմերին ու խորշակներին հանդիման կանգուն ենք մնացել հավատավոր կյանքով հայ ընտանիքի: Եկեղեցիացած մեր փոքրիկ տունն է հայ ընտանիքը, որի աղոթքով ամրանում է աննյութական շաղախը մեր հոգեւոր եւ ազգային կյանքի եւ հիմքը` մեր պետության: Հայ ընտանիքը առաջին դպրոցն է եւ հոգեկերտ արժեքների առաջին սնուցողը: Հայ ընտանիքը փոքրիկ հայրենիք է, ուր ապրում են նախնյաց հիշատակները, եւ անկորուստ պահպանվում հայրենի ժառանգությունը, ուր երջանիկ է եւ հավերժում է հայ հոգին: Հավատքով ամուր, հույսով աննվազ եւ սիրով զորացյալ պահենք մեր ընտանիքները, որպեսզի Տիրոջ փրկության շնորհով նորոգյալ ու պայծառ լինի միասնական կյանքը հոգեւոր մեր մեծ ընտանիքի` Հայ Եկեղեցու, որպեսզի օրհնությամբ առատ` մարմին առնեն իղձերն ու ձգտումները մեր մեծ տան` հայոց Հայրենիքի: Հայրենիքը մեր հույսերի խարիսխն է, ազատ, ապահով, բարեշեն կյանքի, մեր գալիքի երաշխիքն է, ազգս համախմբող աստվածապարգեւ մեր տունը: Տան մեջ սերը ինքնաբուխ է, օրենք է համերաշխությունը, իշխող է ցանկությունը միմյանց օգնելու, բնական` միմյանց տխրությամբ տխրելը, ուրախությամբ ուրախանալը: Այս է ճանապարհ օրհնյալ, սիրելիներ, որով պիտի կառուցենք մեր բարօր կյանքը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, դիմագրավենք ներքին եւ արտաքին մարտահրավերները, պաշտպանենք Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր արդար Դատը, միասնաբար բարվոք ուղիներով կառուցենք հարաբերությունները բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների հետ` մեր ավանդը բերելով ավելի լավ աշխարհ կառուցելու ջանքերին: Այս է, ճանապարհ օրհնյալ, որով արժանի պիտի լինենք հասնելու երկնային մեր տունը` Հայր Աստծո մոտ` շնորհով Միածին Որդու եւ առաջնորդությամբ Սուրբ Հոգու»:
Հոգենորոգ տոնի առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունն ու ողջույնները հղեց համայն հայ ժողովրդին եւ հայոց պետական ավագանուն` գլխավորությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի: Հայոց Հայրապետը Քրիստոսավանդ սիրով եղբայրական ողջույններ եւ բարեմաղթանքներ հղեց նաեւ քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին եւ ուխտապահ ողջ հոգեւոր դասին:
Սբ© Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի սրբազան արարողությունը` ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ապա Նորին Սրբությունը թափորով ուղղվեց դեպի Վեհարան` բարեպաշտ ժողովրդին բաշխելով Հայրապետական իր օրհնությունը եւ փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը:
Արարողությունից հետո տոնի առիթով Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ռուսաստանի Հայոց թեմից բարերար Գագիկ Գեւորգյանը Նորին Սրբությանը գահակալության 10-ամյակի առիթով ընծայաբերեց Հայրապետական գավազան: