Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը

Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը 25.06.2015
Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ազատվելով Արթիկի թեմի առաջնորդի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոններից, նշանակվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:

Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
(կենսագրական)

     Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը՝ Վարդգես) ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
     1983-1993 թթ. սովորել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում:
     1994-1999 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում:
     1999-2000 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանում:
     1998 թ. սովորել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Բոսսեի Էկումենիկ դպրոցում (Շվեյցարիա, Ժնև):
     2001 թ. սովորել է Դանիայի Արհուս քաղաքի Դիակոնալ դպրոցում` ուսումնասիրելով սոցիալական աստվածաբանություն:
     2000 թ. հուլիսի 16-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվել է սարկավագ:
     2000 թ. հուլիսից աշխատում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
     2001 թ. հոկտեմբերի 22-ին պաշտպանել է ավարտաճառ` «Դրվագներ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատմությունից» թեմայով` արժանանալով «քաջալավ» գնահատականի:
     2001 թ. նոյեմբերի 11-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
     2002-2004 թթ. ուսանել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում (Սերգիև Պոսադ)` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
     2004 թ. հունիսից կրկին ծառայության է նշանակվել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
     2004-2009 թթ. եղել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի և հասարակություն» հանձնախմբի անդամ:
     2004 թ.-ից ԵՀԽ Էկումենիկ պաշտոնյաների ցանցի անդամ է:
     2005 թ. օգոստոսից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն:
     2005 թ. ընտրվել է ԵՀԽ Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
     2006 թ. ապրիլի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում «Էկումենիզմը 20-րդ դարում և Հայ Եկեղեցին» թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ և ապրիլի 23-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները:
     2008- 2009 թթ. հաճախել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց:
     2009 թ.-ից Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի անդամ է:
     2010 թ., ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն:
     2012 թ.-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ համատեղության կարգով նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդ:
     Մասնակցել է 2006 թ. Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ԵՀԽ 9-րդ համագումարին, 2007 թ. Ռումինիայի Սիբիու քաղաքում համաեվրոպական երրորդ էկումենիկ ասամբլեային, և 2009 թ. Լիոնում կայացած Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համագումարին:
     2010 թ.-ին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բաքու կատարած այցի պատվիրակության անդամ, 2011թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի պատվիրակության անդամ: 2013 թ.-ին` Բուսանում գումարված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի ժամանակ, եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամ: 2014-2015 թթ.-ին` Վատիկան կատարած այցերի ժամանակ, ուղեկցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: