Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժեշտ տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Հունվարի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորին:
«Ուրախ ենք, որ առիթն ունեցանք ճանաչելու Ձեզ, առիթներ ունեցանք համագործակցության, որ ավելի զորացրեց մեր կապերն ու հարաբերությունները», - գոհունակությամբ նշեց Նորին Սրբությունը` իր բարեմաղթանքներն ուղղելով դեսպանին:
Միացյալ Թագավորության դեսպանն իր հերթին նշեց, որ պիտի կարոտի Հայաստանին եւ Սուրբ Էջմիածինին:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ առկա կապերի եւ համագործակցության մասին: