Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Սեպտեմբերի 18-ի երեկոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, ինչպես նաև Մայր Աթոռի միաբաններ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը:
Միածնաէջ տաճարի զանգ երի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վեհարանից առաջնորդվեցին Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ սեղանի առջև կատարվեց գոհաբանական աղոթք:
Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով դիմեց Արամ Ա Կաթողիկոսին և ուղեկից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամներին.<<Գեղեցիկ է Ձեր այցելության առիթը. եկել եք մասնակցություն բերելու Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձի հանդիսություններին: Այս առիթով մենք ձեզ հետ միասին պիտի մասնակցություն բերենք ծրագրված միջոցառումներին և մեր խոսքն ու պատգամը փոխանցենք հավատավոր մեր զավակներին` գոտեպնդելով նրանց իրենց առ հայրենին սիրո մեջ և հորդորելով նրանց, որ շարունակեն նույն նվիրումով ու հանձնառությամբ իրենց ծառայությունը բերել ի շինություն, ի պայծառություն և ի բարօրություն մեր ժողովրդի>>: Անդրադառնալով Հայրենիքի անկախությանը` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. <<Մեր Եկեղեցին դարերի մեջ միշտ էլ սնուցել է ազատության ոգին ու գաղափարը մեր զավակներին, վառ է պահել նրանց հոգիներում հայոց պետականության ձգտումը, և փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր այն իրականություն է դարձել և, որ մեր Եկեղեցին կանգնած է այս ձեռքբերումների ակունքներում: Այսօր մենք ձեզ հետ միասին մեր ներկայությամբ վկայություն ենք բերելու, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակելու է իր զորակցությունն իր հայրենի պետությանը իր բարի իրագործումներում հայրենի մեր ժողովրդի համար, ինչպես և աշխարհասփյուռ մեր զավակների համար օրհնյալ, աստվածահաճո, բարօր կյանքի կերտման աշխատանքներում>>:
Խոսքի վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը քաջառողջ պահի Արամ Ա Հայրապետին և բեղմնավոր դարձնի նրա բոլոր ջանքերն ի պայծառություն և ի շինություն ազգային մեր կյանքի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցի և հանդիպման առիթով իր զգացումներն արտահայտեց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: <<Ամեն անգամ, որ գտնվում եմ հայրենի հողի վրա, Սուրբ Էջմիածնի խորհուրդի մեջ, ոչ միայն հայոց պատմությունն եմ ապրում, այլ նաև իմ քրիստոնեական հավատքի մեջ, ազ•ային ապրումներիս մեջ վերանորոգվում եմ: Այսպես պիտի լինի յուրաքանչյուր հայ, մանավանդ Հայ Եկեղեցու հոգևոր ծառայությանը նվիրված հոգևորականը>>, - նշեց Արամ Ա կաթողիկոսը: Անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդգծեց, որ Հայ Եկեղեցին իր գործուն և հանձնառու մասնակցությունն է բերել Հայաստանի անկախության կերտման, Հայաստանի անկախության ամրապնդման ու հայ ժողովրդի բարօրության համար: <<Մենք երբեք կրավորական, հետևողի վիճակի մեջ չենք եղել, մեր կյանքի լուսանցքի մեջ չենք եղել, այլ մեր ժողովրդի ու մեր Հայրենիքի կյանքի մայր էջի վրա մեր Եկեղեցին մնաց, գործեց ու ծառայեց: Մեր Եկեղեցին ծառայեց բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, խոր հավատքով և ամբողջական հանձնառությամբ: Ահավասիկ այսօր մենք պիտի վերանորոգենք այս առիթով Հայաստանի` մեր բոլորի Հայրենիքի հզորացման, մեր Եկեղեցու պայծառացման գործում մասնակցությունը>>:
Արամ Ա Հայրապետը մաղթեց, որ Աստված շեն պահի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` հաջողություն պարգևելով բոլոր եկեղեցաշեն ծրագրերին, և ավելի պայծառացնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Բարիգալստյան արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով: