Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 30.05.2011

Մայիսի 30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով, հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին:

Առավոտյան օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեւորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը եւ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո միաբանների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին առաջնորդեց Մայր Տաճար, ուր կատարվեց գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ողջույնի խոսք ուղղեց Արամ Ա Կաթողիկոսին: ՙ...Փառք ենք տալիս երկնավոր մեր Տիրոջը, որ պարբերաբար առիթներ է ընծայում մեզ` հանդիպելու, միասին քննարկելու մեր ազգին, մեր Եկեղեցուն հուզող հարցեր եւ նաեւ համատեղ աղոթք բարձրացնելու առ Աստված մեր ժողովրդի, մեր հայրենիքի բարօրության համար՚, - ասաց Նորին Սրբությունը` վստահություն հայտնելով, որ համատեղ հանդիպումներն ու աղոթքները, միասնական հորդորն ու պատգամը խրախույս եւ քաջալերանք են հայ ժողովրդի հավատավոր զավակների համար` առավել նախանձախնդրորեն փարվելու մեր հայրերի սուրբ հավատքին եւ շենացնելու Առաքելական սուրբ եկեղեցին: Վերջում Նորին Սրբությունը, վերստին բարի գալուստ մաղթելով Արամ Ա Կաթողիկոսին, վերջինիս հրավիրեց Միածնաէջ տաճարում իր հորդորն ու պատգամը բերելու ներկա հավատացյալներին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Սուրբ Էջմիածնում գտնվելու համար, մասնավորաբար նշեց. ՙԳոհություն ու փառք ենք տալիս Աստծուն, որ ահավասիկ մեկ անգամ եւս այս հոգեպարար առիթն ընծայեց լինելու Սուրբ Էջմիածնի խորախորհուրդ կամարների ներքո, ուր դարեր շարունակ մեր պապերը աղոթել են եւ իրենց հոգեմտավոր ստեղծագործությամբ մեր ժողովրդի կյանքը բարձրացրել եւ պայծառակերպել: Ամեն անգամ, երբ գտնվում եմ Հայաստանի հողի վրա, Սուրբ էջմիածնի խորհրդի մեջ, մի քիչ ավելի եմ զորանում իմ հոգեւոր առաքելությանս մեջ, որովհետեւ Ս. Էջմիածինը պատկանում է ամբողջ հայությանը, Հայաստանը պատկանում է ամբողջ հայությանը: Մեր հայրենիքը մեկ է, մեր Եկեղեցին մեկ է, մեր մշակույթը մեկ է, որովհետեւ մեր ժողովուրդը մեկ է: Այս միասնական ոգին մենք պետք է ավելի ամրապնդենք՚: Արամ Ա Հայրապետն անդրադարձավ նաեւ Եկեղեցու, ազգի եւ հայրենիքի միասնականության առավել հզորացմանն ու ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության ընդլայնմանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միասնական ջանքերին: Արամ Ա Կաթողիկոսը խոսեց նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դրան ի խնդիր Հայոց Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերի մասին: Խոսքի ավարտին Արամ Ա Հայրապետը հայցեց Բարձրյալին` միշտ պայծառ պահել Ամենայն Հայոց Հայրապետությունը` պարգեւելով բազում ազգաշեն, եկեղեցաշեն իրագործումներ:

Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին: