Մարդասիրական ճեմարանի ղեկավարության հանդիպումը Արեւմտյան Բենգալիայի Բարձրագույն Կրթության նախարարի հետ
Օգոստոսի 4-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը եւ ադմինիստրատոր Տիգրան սրկ. Բաղումյանը հանդիպեցին Արեւմտյան Բենգալիայի Բարձրագույն Կրթության նախարար Վսեմաշուք Սուդարշահ Ռոյ Չոդհուրիի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ճեմարանի կառավարիչ Հայր Սուրբը մեծարգո նախարարին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնն ու բարեմաղթանքը` անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամական կապերին` մասնահատուկ ընդգծելով Արեւմտյան Բենգալիայի պատմության մեջ հայերի ունեցած մեծ դերակատարությանը: Նա Բարձրագույն Կրթության նախարարին ծանոթացրեց Մարդասիրական ճեմարանի պատմությանը, արդի վիճակին եւ ապագա ծրագրերին, որոնց նպատակն է Մարդասիրական ճեմարանում ունենալ ժամանակին համահունչ բարձր կրթական մակարդակ եւ դրան նպաստող նորմալ կենսապայմաններ: Նախարարի հետ քննարկվեց նաեւ ճեմարանում 11-12 դասարաններ ունենալու խնդիրը:
Իր հերթին Արեւմտյան Բենգալիայի Բարձրագույն Կրթության նախարարն իր ուրախությունը հայտնեց հանդիպման եւ ծանոթության համար` խոստանալով ամեն ինչում օգտակար լինել Մարդասիրական ճեմարանին: