Մանուկների ուխտագնացություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը կազմակերպել էր ուխտագնացություն տասնմեկ տարբեր հաստատությունների /մակատներ, հատուկ դպրոցներ, հայորդյաց տներ/ մոտ 220 սաների մասնակցությամբ:
Պատանի ուխտավորները իրենց առաջին իջեւանը կատարեցին Սուրբ Հռիփսիմե վանքում, ուր մասնակցեցին Սուրբ Պատարագին:
Մանուկները ոտքով շրջեցին նաեւ Վաղարշապատի մյուս վանքերն ու եկեղեցիները: Սուրբ Գայանեի վանքում բոլորը միասին մասնակցեցին սիրո Ճաշի, ապա շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ուխտավորներից ավագներն այցելեցին Ալեք եւ Մարի Մանուկյան գանձատուն, դիտեցին ցուցադրվող եկեղեցական սպասքի, զգեստների եւ ազգային եկեղեցական մշակույթի տարբեր նմուշներ:
Մանուկները Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում ունկնդրեցին նաեւ ժողովրդական երգեր պատանի երգիչների կատարմամբ: