Մայր Տաճար բերվեցին սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 3-ին, մինչ երեկոյան ժամերգությունը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար բերվեցին Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Ժամերգության ընթացքում հոգեւորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն իրենց աղոթքն ու խոնարհումը բերեցին առաքյալների մյուռոնաբույր մասունքներին:
Դեկտեմբերի 4-ին, Մայր Տաճարում, Սուրբ Պատարագով տոնախմբվեց սուրբ առաքյալների հիշատակը: Պատարագիչ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին եւ լուսավորիչ առաքյալների բերած օրհնությանը հայ ժողովրդի կյանքում: Տեր Հայրը մասնավորապես նշեց. «Այսօրվա տոնը, հիրավի, մեր ազգային եկեղեցական տոնացույցի մեծագույն տոներից է: Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ ու նահատակությամբ հայ իրականության մեջ հաստատվեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցին, աստվածային շնորհներով առլեցուն հոգեւոր մթնոլորտը ներգործեց հայի կյանքում եւ հայորդիք հավատացին ու դավանեցին Հիսուս Քրիստոսին: Եկեղեցագործվեց հայ մարդը, որով հայ ժողովուրդն այլեւս իր գալիք բոլոր սերունդներով դարձավ երկնքի արքայության ժառանգորդ: Արդեն շուրջ երկու հազար տարի է, որ հայ ազգը` որպես Հայ Առաքելական եկեղեցի, վայելում է Ս. Հոգու շնորհները եւ աստվածային օրհնությամբ պարուրված` առաջ է ընթանում: ...Այս տոնն իր խորհրդով գալիս է մեր մեջ նորոգելու մեր վստահությունն ու հավատարմությունը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Հայցենք, որ առաքյալների բարեխոսությամբ քրիստոսավանդ խաղաղություն հաստատվի ամենքի հոգիներում, մանավանդ սեր եւ միաբանություն մեր ազգային կյանքում, համերաշխ գործակցություն համայն աշխարհում»: