Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ պարգևաբաշխություն 11.10.2016
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

     Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնեց տիար Տաճատ Վարդանյանին և ‹‹Ս. Ներսես Շնորհալի›› շքանշան` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր տիկ. Մարինե Ղազարյանին` բարձր գնահատելով նրանց եկեղեցանվեր երկարամյա ծառայությանը և բարի վաստակը Հայոց Եկեղեցու կյանքում:
     Շնորհաբաշխության արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
     Եկեղեցու անդաստանում տիկին Մարինե Ղազարյանի նվիրյալ ծառայությունը ներկայացրեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Պրն. Տաճատ Վարդանյանի եկեղեցասեր կերպարի և ազգօգուտ գործունեության մասին խոսք ասաց Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյանը:
     Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական կոնդակները, որոնք ընթերցվեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից:
     Ընդառաջ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խնդրանքին` տիար Տ. Վադանյանին ուղղված Հայրապետական սրբատառ կոնդակում ի մասնավորի ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները և շնորհավորում ծննդյան 75-րդ տարեդարձի հոբելյանական առիթով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում Ձեր պաշտոնավարման տարիներից առիթ ունեցանք ճանաչելու հավատավոր, եկեղեցասեր ու ազգասեր հայորդուդ: Այսօր ուրախ ենք բարձր գնահատանքի Մեր խոսքը բերել Ձեզ՝ մեր ժողովրդի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կյանքում Ձեր նվիրումի և գովարժան վաստակի համար:
     Դուք երկար տարիներ կարևոր հանձնառություններ ստանձնեցիք Հայկական սովետական հանրագիտարանում՝ Ձեր գիտելիքներն ու ազնիվ ջանքերը ծառայեցնելով հանրագիտարանի հոդվածների կազմման ու խմբագրման պատասխանատու գործին:
Արարատյան Հայրապետական թեմում Մեր փոխանորդության տարիներին Մենք սիրով հրավիրեցինք Ձեզ ստանձնելու թեմի Մամուլի բաժնի պատասխանատուի, ապա դիվանապետի պաշտոնը՝ ամենօրյա աշխատանքի մեջ ականատես լինելով մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ Ձեր որդիական անկեղծ սիրուն ու նախանձախնդրությանը, հանուն մեր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության ջանք ու նվիրում ներդնելու Ձեր ազնիվ պատրաստակամությանը:
     Հայրապետիս համար գոհունակություն է նաև անդրադառնալ, որ եկեղեցասեր ու ազգասեր Ձեր ոգին Դուք հոգածու դաստիարակությամբ փոխանցել եք Ձեր զավակներին: Ձեր որդին, որպես օծյալ հոգևորական, տարիներ շարունակ արդյունավոր ծառայութուն է բերում մեր Սուրբ Եկեղեցու լուսավոր անդաստանում՝ հոգևոր սնունդ մատուցելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին»:
     Տիկին Մարինե Ղազարյանին հանձնվելիք կոնդակում մասնավորաբար ասվում է. ‹‹Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
     Արարատյան Հայրապետական թեմում Մեր փոխանորդության շրջանից ճանաչեցինք Ձեզ, երբ Մեր հրավերին ընդառաջ` ստանձնեցիք թեմի գլխավոր ֆինանսիստի պատասխանատու պարտականությունները: Այդ օրից ի վեր` շուրջ տասնհինգ տարիներ, Դուք նախանձախնդրորեն ծառայեցիք Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցու շինությանն ու պայծառությանը` ի սպաս բերելով Ձեր գիտելիքները, փորձն ու կարողությունները: Ինչպես թեմում, այնպես և Սուրբ Էջմիածնում Ձեր պաշտոնավարության ընթացքին Մենք ականատես ենք եղել աշխատանքի հանդեպ ունեցած Ձեր բծախնդիր, պահանջկոտ վերաբերմունքին, որը հաջողություններ է ապահովել Մայր Աթոռի գործունեությանը››:
Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մեծարյալներին հանձնեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվո շքանշանները:
     Ապա խոսքով հանդես եկան շնորհընկալները: «Մայր Աթոռը մի դպրոց է, որի միջով ես երջանկություն եմ ունեցել անցնելու և ինձ հետ կյանք եմ մտցրել այն ամենը, ինչ սովորել եմ այստեղ: Մասնակից եմ եղել այն մեծ ծրագրերին ու բարեփոխումներին, որ կատարվում են Ձեր գլխավորությամբ և Ձեր հետևորդների ջանքերով: Մայր Աթոռը միշտ իմ սրտում է», - նշեց տիկ. Մարինե Ղազարյանը` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին բարձր պարգևի համար:
     Պրն. Տաճատ Վարդանյանը, ով ներկայիս իր օգտակարությունն է բերում Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը հայերեն Աստվածաշնչի հանրագիտարանի խմբագրման գործում, գոհունակության և երախտագիտության զգացումով անդրադարձավ Մայր Աթոռում և Հայ Եկեղեցու այլ կառույցներում իր ծառայության տարիներին` պատրաստակամություն հայտնելով միշտ իր կարողություններն ի սպաս դնել Հայոց Եկեղեցու պայծառությանը: Այս առիթով մտավորական հայորդին պատգամեց երիտասարդ սերնդին. «Հավատարմություն և նվիրվածություն մեր Եկեղեցուն, մեր հոգևոր առաջնորդներին, ինչը մեզ, մեր սերունդներին, մեր գալիքի համար կապահովի հարատևություն ու հավերժություն: …Մենք ունենք հավիտենականության երկու գրավական՝ հայրենիք և Եկեղեցի»:
     Այնուհետև ներկաներին իր պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գնահատանքով անդրադառնալով եկեղեցական ասպարեզում իրենց ծառայությունը բերած աշխարհականների վաստակին` Նորին Սրբությունը նշեց, որ, ուր էլ որ այսօր նրանք լինեն, շարունակում են մնալ Մայր Աթոռի զավակներն ու սպասավորները, նրա ջատագովներն ու պաշտպանները:
      «Աստված Մեզ օրհնել է նվիրյալ ծառայակիցներ ունենալու շնորհով: Մեր հոգևոր գործունեության, պատասխանատու ծառայության բոլոր հանգրվաններում Մենք շրջապատված ենք եղել նվիրյալ աշխատակիցներով: Այսօր էլ Սուրբ Էջմիածնի աշխատակիցները ընտրյալներ են, եկեղեցական, թե աշխարհական նվիրյալներ, որոնք ամբողջանվեր կերպով իրենց ծառայությունն են բերում և ունեն այն բարձր գիտակցությունը, որ իրենց ծառայությունը բերում են ազգի նվիրական հաստատության մեջ: …Եվ ծառայում են համակ նվիրումով, Եկեղեցին պայծառ և զորեղ տեսնելու, իր առաքելության մեջ Եկեղեցին արդյունավոր տեսնելու նախանձախնդրությամբ ու սիրով», - ասաց Նորին Սրբությունը` վերստին իր ուրախությունը հայտնելով Մայր Աթոռի երկու վաստակաշատ աշխատակիցների պարգևատրման առիթով:
     Հանդիսության ընթացքում ազգային երգ ու պարի կատարումներով հանդես եկան Երևանի Նոր Նորքի և Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տների սաները:
     Ցերեկույթն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով: