Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստորագրվեց պայմանագիր Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստորագրվեց պայմանագիր Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև 25.11.2014
Ստորագրվեց պայմանագիր Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև


     Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև ստորագրվեց պայմանագիր, որով կարգավորվելու է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության գործունեությունը:
     Արարողությանը ներկա էին ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՔՀԿ հոգևոր ծառայության սպասավորներ, ինչպես նաև նախարարության այլ պաշտոնյայներ և Մայր Աթոռի միաբաններ:
     Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցի-հասարակություն բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը:
     Այնուհետև այս կարևոր իրադարձության առիթով խոսք ասաց ՔՀԿ հոգևոր ծառայության պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը. «Զարգացման հաջորդ հանգրվան է թևակոխում Եկեղեցի-պետություն համագործակցությունը` այս անգամ արդեն տարածվելով արդարադատության ոլորտի վրա: Պայմանագրի կնքմամբ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանտային հոգևոր ծառայության առջև հնրավորության նոր հեռանկար է բացվում` ի նպաստ ազատազրկվածների ու նրանց ընտանիքների հոգեխնամ առաքելության արդյունավորման: …Իրապես, Մայր Աթոռի և հայրենի արդարադատության փոխգործակցությունն էական նպաստ է բերելու մեր ժողովրդի կյանքում արդարության ամրապնդմանը, որ հնարավոր է միայն ճշմարտության և ողորմության համադրմամբ, ի խնդիր հասարակության ներքին խաղաղության: Լիահույս ենք, որ այս համագործակցությունն իրականություն է դարձնելու փափագելի համակարգ ունենալու այն տեսլականը, որ վերաբերում է երկու սկզբունքային առաքելություններին. մի կողմից` հնարավոր վտանգներից հասարակության պաշտպանությանը, մյուս կողմից` օրինախախտմամբ հասարակական կյանքը վտանգողների վերափոխմանը»,- նշեց Հայր Սուրբն իր խոսքում` բանտային հոգեխնամ առաքելության հանդեպ դրսևորվող հայրական հոգածության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը, ինչպես նաև` նախարարության և քրեակատարողական հիմնարկների վարչության պատասխանատուներին` ցուցաբերած զորակցության համար:
     Ապա Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ստորագրեցին պայմանագիրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության գործունեության մասին:
     Պայմանագրի ստորագրումից հետո շնորհավորական խոսք ասացին ՀՀ Արդարադատության նախարարը և Մայր Աթոռի դիվանապետը` կարևոր նկատելով հոգևորականների սպասավորությունն ազատազրկման վայրերում: Վստահություն հայտնվեց, որ ՔՀԿ հոգևոր ծառայության գործունեության իրավական ամրագրումն ու համակարգումը նոր հեռանկարներ պիտի բացեն հոգեխնամ առաքելության արդյունավետ իրագործման համար:
Արարողությունը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

                                                                       Տեղեկանք
     Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն սկսել է իրականացվել 1993 թ-ից Արարատյան հայրապետական թեմում` առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (այժմ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս) օրհնությամբ:
     Բանտային հոգևոր ծառայությունն առավել համակարգված և նպատակային դարձնելու նպատակով 2003 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց «ՔԿՀ հոգևոր ծառայության» գրասենյակը: Այսօր բանտային հոգևոր ծառայության մեջ ներգրավված է յոթ հոգևոր սպասավոր՝ գլխավորությամբ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի:
     Քրեակատարողական որոշ հիմնարկներում կառուցվել են եկեղեցիներ և մատուռներ, մնացյալներում` կանգնեցվել են խաչքարներ:
     Հոգևոր ծառայության նպատակն է
     - բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները,
     - նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին,
     - տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ նպաստել կալանավորված անձանց և դատապարտյալների կեցության պայմանների բարելավմանը, նրանց ֆիզիկական, կրթամշակութային զարգացմանը,
     - քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը: