Մայր Աթոռ Ս. Էջմիածնում շքանշաններ հանձվեցին մշակույթի գործիչներինՄայր Աթոռ Ս. Էջմիածնում շքանշաններ հանձվեցին մշակույթի գործիչներին
Դեկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍ. Սահակ-Ս. Մեսրոպ՚ պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին մշակույթի երեք գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին:
Արարողության սկզբում գրականության վաստակաշատ մշակների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունեց Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան տիարք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ապա ՙԷջ Միածինն ի Հօրէ՚ շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից:
Բանաստեղծուհի Մետաքսե Պողոսյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. ՙԲանաստեղծություն, պոեմ, հուշագրություն թե հրապարակախոսություն` Ձեր խոսքը հնչում է մարդու հանդեպ մտահոգությամբ, Հայրենիքի սիրով ու գովքով, բարու և ճշմարտի ձգտումով: Գովելի է, որ Դուք ստեղծագործություններ եք գրել նաև մանուկների համար, որը վկայում է աճող սերնդի հանդեպ Ձեր հոգածու նախանձախնդրության մասին: Ձեր գրական շնորհի և ճաշակի մասին են վկայում նաև Ձեր թարգմանությունները, որոնցով ևս ծանոթ եք հայ ընթերցողին: Այսօր Դուք անկեղծ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակում եք գրական Ձեր առաքելությունը… Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Ամենախնամ Աստված Իր օրհնության մեջ պահպանի Ձեզ և պարգևի քաջառողջ արևշատություն և գործոց մշտանորոգ հաջողություններ՚:
Արամայիս Սահակյանին ուղղված կոնդակում ասվում էր. ՙՀայ գրականության ծաղկուն անդաստանի մեջ վաստակաշատ մշակ եք Դուք, սիրելի պրն. Սահակյան: Ձեր արձակ ու չափածո ստեղծագործությունները, երգեր դարձած հարյուրավոր բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները քաջածանոթ և հոգեհարազատ են մեր ժողովրդին, Ձեր ստեղծագործական վաստակը արժանիորեն գնահատված է բազմաթիվ պարգևներով ու մրցանակներով… Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը մեր մեծ ուսուցչապետերի` Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի բարեխոսությամբ Իր շնորհն ու օրհնությունն անպակաս դարձնի Ձեր կյանքից և պարգևի Ձեզ քաջառողջ, արևշատ երկար օրեր, նոր եռանդ ու ներշնչանքներ՚:
Ռազմիկ Դավոյանին ուղղված կոնդակում նշվում էր. ՙՁեր գրական ձիրքն ու տաղանդը երկար տարիներ արգասավորությամբ ծառայեցնում եք հայ գրականությանը և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք ճանաչված ու գնահատված լինելով գրականասեր հասարակության կողմից: Ձեր պոեզիան, առանձնանալով մարդկային հոգու խորին ապրումներով, հայրենասիրական ոգով, խորհրդածության է մղում ընթերցողներին, զորացնում նրանց ազգասիրությունը, հորդորում ապրել ու գործել` հանուն ճշմարտության, արդարության և խաղաղության… Աղոթում ենք, որ Բարձրյալի օրհնությունն իր ամենառատ պարգևներով միշտ Ձեզ հետ լինի, անպակաս Ձեր կյանքից՚:
Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մշակույթի գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները` ի գնահատություն նրանց բազմամյա վաստակի:
Այնուհետև իրենց սրտի խոսքն ասացին մեծարյալները` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` մշակույթի գործիչների նկատմամբ Մայր Աթոռի կողմից մշտապես դրսևորվող ուշադրության համար: Բանաստեղծների դիտարկմամբ յուրաքանչյուր հայ արվեստագետի համար ամենայն հայոց հոգևոր կենտրոնի պարգևը մեծագույն գնահատանքն է իրենց ծառայության և վաստակի:
Վերջում ամենքին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով վաստակաշատ գրողների և հյուրերի ներկայությունը Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետն իր և միաբանության անունից շնորհավորական խոսք ուղղեց մեծարյալներին: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. ՙԴուք ձեր գրական ստեղծագործությամբ ու վաստակով փառավոր առաքելություն եք իրականացրել մեր ժողովրդի կյանքում և ձեր ստեղծագործություններով կրթել եք սերունդներ, որովհետև ձեր ստեղծագործությունները մարդուն ուսուցանում են գեղեցիկն ու ճշմարիտը, արդարն ու արժանին, նաև կերտում են հայրենասիրություն, ազգասիրություն, նվիրական մեր բոլոր արժեքները: Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակել եք մեր հայրերի գեղեցիկ ավանդը և աստվածատուր ձեր շնորհներով զորացրել ոգին ու պայծառացրել միտքը հայության մեջ՚:
Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը բեզմնավոր դարձնի նրանց գրիչը և պարգևի նորանոր ներշնչանքներ, որպեսզի արդյունավոր դարձնեն իրենց կյանքի անդաստանը նոր ստեղծագործություններով: