Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հաղթության Ս. Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն
Հոկտեմբերի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Պատարագին Սրբազան Հայրն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ խաչի խորհրդին` նշելով. «Այս շրջանը Խաչի տոների շրջանն է: …Երբ մենք հիշատակում ենք խաչը, նկատի չունենք միմիայն նյութական` փայտից կամ որևէ մետաղից պատրաստված խաչը, այլ նկատի ունենք Խաչյալին, Ով խաչը կրեց մինչև Գողգոթայի բարձունքը և նրա վրա գամվեց:
Երբ խոսում ենք խաչի զորության մասին, խոսում ենք Խաչյալի զորության մասին, Ով Իր խաչով Գողգոթայի բարձունքից մարդկանց ցույց տվեց երկրից դեպի երկինք բարձրանալու ճանապարհը: Եվ ավելին` խաչով չէ, որ վերջացավ մեր հավատքի ուժը կամ Քրիստոսի առաքելությունը, որովհետև խաչից հետո Գողգոթային հաջորդեց դատարկ գերեզմանը, հարությունը և, ինչպես ասում է առաքյալը, եթե Քրիստոս հարություն չի առել, անիմաստ է մեր հավատքը: Ուրեմն` խաչը գերագույն զոհողության, զոհաբերության և համբերության նշանն է, և Քրիստոս, առած այդ խաչը, բարձրացավ մինչև Գողգոթա և այնտեղ Իր արյամբ ու խաչելությամբ վերցրեց նաև մարդկանց մեղքերը` ցույց տալով փրկության ճանապարհը»:
Գիսակ Սրբազանը նաև խոսեց հայ ժողովրդի կյանքում խաչի նշանակության մասին: «Այս ձևով է, որ մեր ժողովուրդը ըմբռնել է, իր ամբողջ կյանքի ընթացքում տարել ամեն տանջանք ու դժվարություն: Վստահաբար գիտեք, որ քիչ չեն եղել մեր ժողովրդի կյանքում տառապանքներն ու հալածանքները, բայց մեր ժողովուրդն ապավինել է Գողգոթայի խաչին` հավատալով, որ այդ խաչի վրա գամվածը, խաչվածը չկա, այլ հարություն է առել: Եվ մենք ևս մեր հավատքով, հավատքի ուժով, նայելով խաչին, կարողացել ենք հաղթահարել դժվարությունները, պահել մեր հավատքն ու հոգին ոչ միայն Հայրենիքում, այլև ողջ Սփյուռքում, ուր կա Հայ Եկեղեցին ու հայ համայնքը` միշտ իր աչքերը ուղղած պահելով դեպի խաչն ու Խաչյալը` հավատալով խաչելությանը հաջորդող հարությանը»:
Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռում օրհնված նոր` Հաղթության Սրբալույս Մյուռոնով, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն:
Պատարագի արարողությանը ներկա էին նաև Մյուռոնօրհնության առիթով Հայաստան ժամանած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ներկայացուցիչներ: