Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը 14.07.2016
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը

     Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի համար նախատեսված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին:
     Ցերեկույթն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Նա տեղեկացրեց, որ սույն մրցանակը հաստավել է Նորին Սրբության օրհնությամբ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծված խորհուրդի որոշմամբ էլ այս տարի այն հանձնվելու է հայազգի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռ. Բալայանին: Գևորգ Սրբազանն առ ի գիտություն ասաց, որ մրցանակը շնորհվում է 2012 թ.-ից սկսյալ, ուստի Ռ. Բալայանը հանդիսանում է «Եղիցի լույս» մրցանակի հինգերորդ դափնեկիրը:
     Այնուհետև խոսք ասաց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա, ներկայացնելով Ռոման Բալայանի վաստակը, նշեց, որ շատ դժվար է լինել մեծ արվեստագետ, մեծ հայ և մեծ մարդ ինչպիսին մեծարյալն է : Անդրադառնալով նրա կողմից ստեղծված ֆիլմերին` տիար Հ. Խաչատրյանը փաստեց, որ դրանց ազդեցության ներքո սերունդներ են կրթվել ու դաստիարակվել : Իր որդիական շնորհակալությունը հայտնելով Նորին Սրբությանը` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրենն ընդգծեց փառատոնին բերվող կարևոր զորակցությունը :
     Օրվա կապակցությամբ իր հերթին Ռոման Բալայանի կյանքին ու գործունեությանն անդրադարձավ նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Դիմելով ներկաներին ու մեծարյալին` Նաթան Սրբազանն ասաց, որ իր համար մեծագույն պատիվ է Մայր Աթոռում ողջունելու բոլորի ներկայությունը և կիսելու այն ուրախությունը, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը գտավ իր հերթական հասցեատիրոջը: Խոսելով Հայ Եկեղեցու և մեծարյալի արվեստի միջև առկա կապի մասին` Սրբազան Հայրը փաստեց` այն բարձր բարոյական լույսը, որ բխում է նրա արվեստից, արդեն արժանի է դարձնում այս մրցանակին: Սրբազանը, իր գնահատանքը փոխանցելով նրա արվեստին, ասաց, որ վերջինիս ֆիլմերում վերելքներ ու թռիչքներ կան, որոնք խորհրդանշում են մարդու թռիչքը դեպի բարոյականը, դեպի լույսը:
     Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2016 թ. շնորհվում է հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կինոռեժիսոր Ռոման Բալայանին:
Հավարտ վկայագրի ընթերցման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ Սրբազանը կինոռեժիսորին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը:
     Այն ստանալուց հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծագույն պատիվ է այս սուրբ վայրում արժանանալ մրցանակի: Մինչև այստեղ ժամանելը, ես այդքան խորը չէի զգում այդ ամենը: Շնորհակալ եմ և շոյված»:
Վերջում երաժշտական կատարումներով հանդես եկավ «Էջմիածին» երգչախումբը` ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի:
Ցերեկույթը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով: