Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց Համագործակցության հուշագիր ի նպաստ մանուկների կրթության, հոգևոր-մշակութային և սոցիալական կյանքի բարելավման

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց Համագործակցության հուշագիր ի նպաստ մանուկների կրթության, հոգևոր-մշակութային և սոցիալական կյանքի բարելավման 23.06.2014
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց հուշագիր

     Հունիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «ՄԳԱ Վոթըր»  ընկերության միջև Համագործակցության hուշագրի ստորագրման արարողությունը:
     Համագործակցության հուշագրի կնքման նպատակն է նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, մանուկների սոցիալական վիճակի բարելավմանը նպատակաուղղված ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, երեխաներին ուղղված մշակութային, հոգևոր-բարոյական դաստիարակության, գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:
     Արարողությունը բացվեց աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
     Այնուհետև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթե Ահրենսը և «ՄԳԱ Վոթըր»  ընկերության խորհրդի նախագահ, UNICEF-ի Ազգային դեսպան Գագիկ Մարտիրոսյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիրը, ապա շնորհավորեցին ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ սկզբնավորվող այս համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան պիտի հանդիսանա Հայաստանի մանուկների բարօրությանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մշակման և իրականացման համար: