Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Թեմական ներկայացուցչական ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի նոյեմբեր 2-ի նիստին իր մասնակցությունը բերեց ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության անունից ողջունելով ժողովականներին, անդրադարձավ մի շարք հարցերի: «Անժխտելի է այն դեկատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Շնորհիվ մեր հավատքի, եկեղեցու շուրջ մեր համախմբվածության՝ այսօր ունենք պետություն և համատեղ ջանքերով լուծում ենք այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են մեր ժողովրդին», - նշեց ՀՀ վարչապետը:
Կառավարության ղեկավարը մասնավորապես անդրադարձավ ժամանակակից հասարակության առջև ծառացած մարտահրավերներին. «Իմ համոզմունքն այն է, որ իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել: Սպառողական հոգեբանությունը, սուրբ առաքելական արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր կանգնած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, մենք կարող ենք հաղթահարել, եթե ապավինենք մեր հավատքին, համախմբվենք մեր հավատքի շուրջ, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և Եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է մեզ հաղթահարել նորագույն մարտահրավերները»:
ՀՀ վարչապետն արծարծեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների ուղղվածությանը, ինչպես նաև սիրահայությանը ցուցաբերվող օգնությանն առնչվող հարցեր:
Տիար Տ. Սարգսյանը, բարձր գնահատելով այսօր Եկեղեցու և պետության ներկա հարաբերությունները, համոզում հայտնեց, որ այս ժողովի կայացրած որոշումները կնպաստեն Հայոց Եկեղեցու ամրապնդմանը:
Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը բերեց նրան` գնահատելով Հայրենիքին նվիրյալ տիար Տիգրան Սարգսյանի ջանքերը և ընդգծելով նրա առանձահատուկ ջերմ ու նախանձախնդիր վերաբերմունքը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: