Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը

Փետրվարի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Քարոզի ընթացքին անդրադառնալով սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին` պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշեց. «Չվախենանք նրանցից, որ կարող են մարմինը սպանել: Հոգին սպանելն անհնարին է: Մարդիկ իրար սպանում են զանազան պատճառներով եւ ակնկալիքներով, եւ ամբողջ պատմության ընթացքին երեւում է մարդու ըմբոստ ոգին` սեփական ազատությունն ու իրավունքները պաշտպանելուն ի խնդիր: Նույնը եղավ նաեւ Վարդանանց պարագային, երբ մի ամբողջ ազգ ոտքի ելավ իր իսկ կամավորաբար ընդունած հավատքը պաշտպանելու նրանցից, ովքեր նպատակ ունեին զրկել վերջինիս սեփական հավատքն ունենալու եւ ազատորեն պաշտելու իրավունքից: ...Վարդանանց պատերազմն ավարտված չէ, շարունակվում է նաեւ այսօր, շարունակվում է բոլոր նրանց դեմ, ովքեր ուզում են վերացնել մեր ազգի հոգին` Հայոց Եկեղեցին: Եվ այդ շարունակվող պատերազմի ընթացքին յուրաքանչյուրս պարտականություն ունենք մեզ համարելու եւ զգալու իբրեւ Վարդանանց հետեւորդներ, քաջ Վարդանի զինվորներ:

Սրբոց Վարդանանց օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնը: Այս առիթով հավարտ Սուրբ Պատարագի Մայր Տաճարում հանդիսավոր կերպով կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղոթք ուղղեցին Բարձրյալ Տիրոջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաջառողջության եւ խաղաղ ու բեղուն հայրապետության համար:

Նույն օրը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նախագահությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի: Վարդանանց հերոսամարտի մասին բանախոսությամբ հանդես եկեավ ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը` ներկաների ուշադրությունը վերստին սեւեռելով Վարդանանց կատարած գործի եւ ոգու վրա: Տոնին նվիրված շարականների եւ հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցան Ճեմարանի սաները: