Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով
Նոյեմբերի 26-28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ժողովականներին Հայ Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած իրենց նվիրյալ եւ նախանձախնդիր ծառայությունների համար:
Այնուհետեւ Նորին Սրբությունը ներկայացրեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի նոր անդամներին` Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին եւ տիար Ռուբեն Վարդանյանին (Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմ):
Եռօրյա նիստերն ատենապետելու հրավիրվեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Օրակարգում քննության առնվեցին ներեկեղեցական, միջեկեղեցական կյանքին առնչվող հարցեր:
Վեհափառ Հայրապետի` հոկտեմբեր ամսին Միացյալ Նահանգներ կատարած Հովվապետական այցի մասին իբրեւ Հայրապետական շքախմբի անդամ զեկուցեց Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Այնուհետեւ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը երախտագիտություն ու շնորհակալություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին` ներկայացնելով Արեւմտյան եւ Արեւելյան թեմերից ներս տիրող այն ոգեւորությունն ու հոգեւոր խանդավառությունը, որ առաջացել էր Նորին Սրբության շնորհաբեր այցի առիթով: Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Առաջնորդ Սրբազան Հայրերին` Հովվապետական այցը նախանձախնդրորեն եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ֆրանսիայի հայոց նորահաստատ թեմի գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ ներկայացրեց թեմի գործունեությունը, այլեւ առկա դժվարությունները թեմի կազմակերպական աշխատանքներում: Նորվան Սրբազանը խոսեց նաեւ հոգեւորականների անհրաժեշտության մասին:
Գերագույն Հոգեւոր խորհուրդը քննարկեց նաեւ թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի լրամշակված տարբերակը: Զեկուցող Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց թեմերից ուղարկված նախագծի վերաբերյալ դիտողությունները եւ առաջարկությունները: Որոշում կայացվեց, որ լրամշակված նախագիծը վերստին առաքվի թեմակալ առաջնորդներին` թեմերից ներս իրենց ծխերում կազմակերպելու փաստաթղթի քննությունը եւ իրենց դիտարկումները ներկայացնելու մարտին կայանալիք Գերագույն Հոգեւոր խորհրդի ժողովին:
Ժողովում քննարկվեց նաեւ Արեւելյան Ուղղափառ - Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների եւ Աստվածաշնչային Միացյալ ընկերությունների միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրի նախագիծը, որով վերահաստատվում է Աստվածաշնչային ընկերակցությունների զորակցությունն Ուղղափառ Եկեղեցիներին Սուրբ Գրքի տարածման գործում եւ այդ նպատակի իրագործման համար հետագա համագործակցության ուղենիշերը: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, կատարելով համապատասխան լրամշակումները փաստաթղթի առնչությամբ, հավանություն տվեց Հուշագրի հաստատման:
Օրակարգում ընդգրկված էին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-քարոզչական առաքելության, ինչպես նաեւ կարգապահական հարցեր: Մասնավոր ուշադրություն դարձվեց եկեղեցականների պատրաստության խնդրին: Կարեւորվեց Հայաստանի եւ Սփյուռքի ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ գիտելիքների ուսուցանումը ճեմարանականներին, ինչպես նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում ծառայող եկեղեցականների փոխայցելությունների աշխուժացումը:
Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: