Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին` մասնավոր գնահատանք հայտնելով Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների քննարկմանն ու լուծմանն իրենց բերած ներդրումի համար:
Որպես ատենապետեր` եռօրյա նիստերը վարելու հրավիրվեցին Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը եւ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Օրակարգի հաստատումից եւ նախորդ ժողովի արձանագրության վավերացումից հետո Վեհափառ Հայրապետի կողմից կատարվեցին ծանուցումներ նախորդ ժողովի ընթացքին կայացված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ: Այնուհետեւ քննության առնվեցին հաստատված օրակարգի հարցերը:
Ժողովականներին ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2006 թվականի գործունեության տարեկան զեկույցը եւ ֆինանսական հաշվետվությունը: Մասնակի անդրադարձումներ կատարվեցին սոցիալական ծառայությունների, եկեղեցաշինության, հոգեւորականների պատրաստության, Եկեղեցի-պետություն, Մայր Աթոռ - նվիրապետական Աթոռներ հարաբերությունների, գիտա-կրթական գործունեության ոլորտներին: Գերագույն Հոգեւոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը:
Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցով ներկայացվեցին Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության կառույցի ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքները: Սրբազանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ երիտասարդական ներկայացուցչական հավաք` մասնակցությամբ Հայաստանից եւ արտերկրից շուրջ 70 երիտասարդների, որն ընտրեց կենտրոնական խորհուրդ` կազմակերպության 2008թ. առաջին պատգամավորական ժողովը նախապատրաստելու համար: Ժողովը գնահատանքով ընդունեց կատարված աշխատանքների մասին ծանուցումները` վստահություն հայտնելով, որ այս կառույցը նոր խթան կդառնա թեմերում եկեղեցասեր երիտասարդաց միությունների գործունեության առավել արդյունավորման համար:
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին: Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկող Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանգամանորեն անդրադարձավ թեմի առջեւ ծառացած մարտահրավերներին, թեմի իրավաբանական կարգավիճակի հաստատման ու եկեղեցիների վերադարձման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների անհրաժեշտությանը: Խնդրի առնչությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում Գերագույն Հոգեւոր խորհուրդը որոշեց շարունակել աշխատանքները Վրաց պետության եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ` մատնանշված խնդիրներին բարվոք լուծում գտնելու համար:
Գերագույն Հոգեւոր խորհրդը քննության առավ նաեւ թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագիծը: Զեկուցող Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նախորդ ժողովի ընթացքին նախագծի վերաբերյալ կատարված դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա ժողովականներին ներկայացրեց թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագծի` ծուխին վերաբերող բաժնի լրամշակված տարբերակը, որը մասնակի քննարկումներից հետո ընդունվեց որպես հիմք: Ժողովականները քննարկեցին նախագծի մյուս բաժինները, որոնք վերաբերում են առաջնորդի, թեմերի կառավարման մարմինների, դրանց ընտրության եւ գումարման կարգին, իրավասությունների ու պարտականությունների շրջանակներին եւ հարակից այլ հարցերի:
Ընթացակարգային առումով թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագիծը պիտի առաքվի թեմեր, լրամշակման ենթարկվի թեմերից եկած դիտողությունների եւ առաջարկների հիման վրա, ապա Գերագույն Հոգեւոր խորհրդի եւ թեմական ներկայացուցչական ժողովի վերջնական քննարկումից հետո ներկայացվի ի հաստատումն Ամենայն Հայոց Հայրապետին:
Ի շարս այլ հարցերի որոշում կայացվեց, որի համաձայն առաջիկա տարի` 2008թ. սեպտեմբերի 28-ին կկատարվի Մյուռոնօրհնության արարողություն: