Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Սրբալույս Մյուռոնը
Սեպտեմբերի 28-ը նշանակալից օր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21-րդ դարի երկրորդ Մյուռոնօրհնեքը:
Վարագա Ս. Խաչի տոնի առավոտյան, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի եւ Մյուռոնօրհնության առիթով Սուրբ Էջմիածին ժամանած թեմակալ առաջնորդների, ազգային բարերարների, քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, ուխտավոր բազմահազար հայորդիների հանդիսավոր Ս. Պատարագ մատուցվեց Միածնաէջ Մայր Տաճարում: Պատարագիչն էր Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը: Հընթացս Ս. Պատարագի Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Ս. Պատարագի ավարտին Մյուռոնի կաթսայի առջեւ կատարվեց ձիթայուղի օրհնության վերջին աղոթքը, որից հետո Մայր Տաճարի զանգերի ղողանջների, ինչպես նաեւ սաղմոսների եւ շարականների երգեցողության ներքո Սրբալույս Մյուռոնի կաթսան տեղափոխվեց Ս. Տրդատի բաց խորան:
Երեկոյան ժամը 17.00-ին, Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանում, տեղի ունեցավ Մյուռոնօրհնության նվիրական արարողությունը: «Հրաշափառի» երգեցողության եւ Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների, հազարավոր հավատացյալների բազմության ծափողջյունների ներքո Հայրապետական շքեղաշուք թափորը` խաչվառների եւ խաչերի առաջնորդությամբ Մայր Տաճարից շարժվեց դեպի բաց խորան: Հայրապետական ամպհովանու ներքո Հայոց Հայրապետի հետ քայլում էին ՀՀ նախագահ Տիար Սերժ Սարգսյանը եւ Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքը: Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հայրապետական թափորի մեջ Մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, սրբությունները եւ Մյուռոնի նյութերը կրում էին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արցախի հայոց թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Հայրապետական թափորով տարվող Հայոց Եկեղեցու նվիրական սրբություններից էին Աստվածամուխ Ս. Գեղարդը, Կենաց Խաչը` Տիրոջ Խաչափայտի մասունքով, եւ Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Նորին Սրբությանը բաց խորանում սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Ս. Տրդատի բաց խորանում Մյուռոնօրհնեքը սկսվեց միասնական «Տերունական աղոթքով»: Սրբազան Հայրերն ընթերցեցին հատվածներ Հին եւ Նոր Կտակարաններից, ինչպես նաեւ աղոթքներ` նվիրված Ս. Մյուռոնին:
Նորին Սրբությունը նախ Մյուռոնի կաթսայի մեջ լցրեց 40-ից ավել ծաղիկներից պատրաստված հյութը, ապա բալասանը: Քուվեյթում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում կաթողիկոսական փոխանորդ Տ. Կորյուն արքեպիսկոպոս Պապյանը, ի նշան Հայոց Եկեղեցու միասնականության, Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Անթիլիասում օրհնված նոր Մյուռոնը: Սրբազան Ավանդության համաձայն` Ամենայն Հայոց Հայրապետը նոր Մյուռոնին խառնեց նաեւ հինը` Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս Մյուռոնի զորությունը փոխանցելով նորին:
Ապա Վեհափառ Հայրապետը նոր Մյուռոնը տյառնագրեց եւ օրհնեց Կենաց Խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով եւ հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով:
Սրբազան արարողության ընթացքում Նորին Սրբութոյւնն իր Հայրապետական պատգամն ուղղեց համայն հայությանը` անդրադառնալով մեր ժողովրդի եւ եկեղեցու կյանքում Ս. Մյուռոնի խորհրդին եւ նշանակությանը:
«...Աստծո բարերար Կամքով սուրբ եւ սրբարար է Մյուռոնը: Լուսանյութ, անուշաբույր Մյուռոնով սրբվում են եկեղեցիները, դառնում` Աստծո տուն: Մյուռոնով օծվելով` եկեղեցականները կոչվում են Տիրոջ Սուրբ Սեղանի սպասավորության: Շնորհակիր եւ շնորհաբաշխ Մյուռոնով մկրտության ավազանից ծնվում ենք որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Սուրբ Մյուռոնի դրոշմով ճանաչում, ապրում, զգում եւ պահպանում ենք մեր հայ եւ քրիստոնյա ինքնությունը, մեր ազգային ամբողջականությունը: Մյուռոնադրոշմ հաղթել ենք վասն հավատի եւ վասն հայրենյաց կենաց եւ մահու մեր բոլոր պատերազմները, մեր գոյության եւ լինելիության բոլոր մարտերը: Մյուռոնի զորությամբ ու լույսով միավորել եւ միավորում ենք մեր անցյալը, ներկան եւ մեր զավակների ապագան:
Մյուռոնօրհնությունը, սիրելի հայորդիներ, կոչ է եւ հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը եւ մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի սուրբ Մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք (հմմտ. Գաղ. Գ 27): Տիրոջ հետ, Տերունապարգեւ սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը եւ մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս:
Այսօր մենք` Հայրապետ Հայոց, քաջալեր ենք ու լավատես, լի` ապագայի հույսերով, քանզի Հայաստան եւ Արցախ մեր հայրենի աշխարհում, վերազարթոնք ապրող մեր Եկեղեցու մեջ, մեր անկախ պետական կյանքում, բայց մանավանդ մեր ժողովրդի առողջ ներաշխարհում մենք զգում եւ տեսնում ենք արթնացող եւ հասունացող կամքն ու պահանջը մաքրվելու, սրբվելու, արդար հասարակություն եւ պետություն կառուցելու: Տեսնում ենք կամքն ու պահանջը ամոքելու ազգային վերքերը, հաղթահարելու եկեղեցական մեր կյանքի դժվարությունները, ժամանակի բերած բաժանումներն ու տարակարծությունները, որպեսզի հայոց անդաստանում միշտ եւ առհավետ լինենք մեկ եւ միասնական` մեկ ազգ, մեկ հավատք, մեկ Եկեղեցի` միասնական Հայրենիքով եւ միակամ ու միախորհուրդ ընթանանք դեպի նոր ձեռքբերումներ, մեր արդար իղձերի ու արժանի նպատակների իրագործման Աստծո կողմից նախախնամված բարի հանգրվաններ:
Լավատես ենք ու քաջալեր Աստծո` ազգիս պարգեւած բարիքներից, աշխարհասփյուռ հայ կյանքի մեջ պտղաբերող բարի գործերից, իրականություն դարձող ծրագրերից, որ ծառայում են մեր ժողովրդի բարօրությանը, մեր Հայրենիքի բարգավաճումին, մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը: Միավորենք ու զորացնենք մեր ջանքերը, որ հայրենի մեր երկիրը ծաղկունք ապրի աստվածաշնորհ խաղաղության ու ազատության մեջ եւ հզորանա տիրավանդ ճշմարիտ սիրով, իր զավակների նվիրումով, տաղանդով ու արարումով: Խնամք տանենք ու հոգանք, որպեսզի մեր աշխարհասփյուռ Եկեղեցին միշտ պայծառ լինի նախնյաց ավանդով ու կարգավորությամբ, էջմիածնակնիք հայ հոգուն հավատարիմ աստվածասեր ժողովրդով: Թող լուսեղեն Մյուռոնի ազգահավաք հրաշագործ զորության շնորհներով արգասավորվի միությունն ու մեկ առաքելությունը մեր Սուրբ Եկեղեցու եւ միաբանությունը մեր ժողովրդի:
Ժողովուրդ հայոց, ժողովուրդ շնորհընկալ եւ հաղթական, որ դարեդար ապրածդ կյանքով, սխրալի վկայություններով հավատարիմ ես Սուրբ Էջմիածնով Աստծո հետ հաստատած ուխտիդ, հանապազ նորոգվիր հավատքով, պայծառացիր եկեղեցաշեն եւ հայրենանվեր գործոց արդար ու բարի արգասիքներով, որ Աստծո օրհնության ներքո հավերժ անսասան մնա Քրիստոսապսակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, միշտ ապրի ազատ ու ինքնիշխան, Արարատով հավերժ թագադրյալ մեր Հայրենիքը, եւ հայ կյանքը լույսով նայի գալիքին»,- նշեց Նորին Սրբությունը:
Իր ոգեշունչ պատգամում Նորին Սրբությունն ողջունեց ներկայությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Տիար Սերժ Սարգսյանի« Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Տիար Բակո Սահակյանի եւ հայոց պետական ավագանու: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր եղբայրական ողջույնները հղեց Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին` հայցելով իրենց կյանքին Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը:
Վերջում Հայոց Հայրապետը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիների, էկումենիկ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որ իր հրավերին ընդառաջ` Ս. Էջմիածին են ժամանել` մասնակցելու Հայոց Եկեղեցու Մյուռոնօրհնության նվիրական արարողությանը` իրենց զորակցությունը եւ եղբայրական սերն արտահայտելով Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Ապա Նորին Սրբությունը Ս. Խորան հրավիրեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքին: Ամենայն Հայոց հայրապետը եւ Նորին Ամենասրբությունը ներկաներին օրհնեցին Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով եւ Ս. Գեղարդով:
Այնուհետեւ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը հրավիրեց Մյուռոնօրհնության կնքահայր, Մայր Աթոռի բարերար Տիար Սարգիս Բեդեւյանին` համբուրելու Ս. Մյուռոնի կաթսան եւ ստանալու Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:
Արարողության ավարտին Հայրապետական հանդիսավոր թափորը հայրապետական մաղթերգի ներքո հավաքված հոծ բազմության միջով ուղղվեց դեպի Մայր Տաճար:
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը նաեւ ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ազգային բարերարներ, մշակույթի եւ գիտության գործիչներ եւ բազում ուխտավոր հայորդիներ: Սրբազան արարողությանը քույր Եկեղեցիներից ներկա էին Օրենբուրգի եւ Բուզուրսկի Վալենտին միտրոպոլիտը` Ռուս Ուղղափառ Եկեղեցուց, Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Արեւելյան Եկեղեցիների Քահանայապետական Կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի, Բենիամին եպիսկոպոս Մենուֆեն` Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց, Եվստաթիոս Մաթա Ռոհամ միտրոպոլիտը` Ասորի Ուղղափառ Եկեղեցուց, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Թոմաս Աթանասիուս միտրոպոլիտի, Գերասիմ միտրոպոլիտը` Վրաց Ուղղափառ Եկեցեցուց, Անգլիկան Եկեղեցուց Ջեոֆրի եպիսկոպոս Ռաուելը, ինպես նաեւ ներկայացուցիչներ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից, «Կրոններն աշխարհում խաղաղության համար» կազմակերպությունից, Զմմառի Կաթոլիկ Հայոց Պատրիարքություն ներկայացուցիչ Տ. Վարդան եպիսկոպոս Աշքարյանը եւ Մխիթարյան Միաբանություն վանահայր Հայր Եղիա Քիլաղպյանը:
Մինչեւ ուշ երեկո աշխարհի չորս ծագերից ժամանած բազում ուխտավոր հայորդիներ շարունակ այցելում էին Մայր Աթոռ` հպվելու Ս. Մյուռոնի կաթսային եւ ստանալու նոր Մյուռոնի օրհնությունը: