Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ «Միջազգային Հաբիթաթի» միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
Ապրիլի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ «Միջազգային հաբիթաթի» ներկայացուչիչ դոկտ. Քեննեթ Բենսնը ստորագրեցին համաձայնագիր, որով սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Միջազգային հաբիթաթի» համագործակցությունը տնազուրկ, անապահով ընտանիքների համար կացարաններ կառուցելու գործում:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանը, «Հայկական հաբիթաթի» ազգային գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Եղիազարյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մարկոս վրդ. Հովհաննիսյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ համաձայնագրի, Հաբիթաթը իրականացնելու է ամենամյա միջոցառում` «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ» շինարարական ծրագիր անունով: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել շուրջ 100 բնակարան: Այս տարի Հայաստանի Հանրապետության մարզերում տնազուրկների համար կկառուցվի 37 տուն` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի թվի համեմատ: «Կառուցե°նք հավատով» հիմնական միջոցառումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 5-9-ը, Գեղարքունյաց մարզում:
Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցու եւ «Հայկական հաբիթաթի» համագործակցությունը սկսվել է դեռեւս 2005 թ.-ին, երբ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում իրականացվեց «Կառուցում է հայ հոգեւորականությունը»
ձեռնարկը:Արարողության ավարտին «Հաբիթաթի» ներկայացուցիչներին` ուղեկցությամբ Տ. Վիգեն Եպիսկոպոս Այքազյանի, ընդունեց Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մենք ողջունում ենք այս համատեղ ծրագիրը, որ իրականացվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ, եւ լիահույս ենք, որ մեր հավատավոր զավակները սիրով պիտի արձագանքեն մեր հրավերին եւ իրենց մասնակցությունը բերեն այս ծրագրի իրագործմանը: Աստվածահաճո, աստվածօրհնյալ գործ է, եւ աշխատանք, որը նաեւ աղոթք է: Թող Աստված օրհնի այս համատեղ ձեռնարկը, որ պիտի իրականացնենք միասնաբար Հայաստանում ի սեր եւ ի բարօրություն մեր ժողովրդի»,- ասաց Նորին Սրբությունը` իր գնահատանքն ու օրհնությունը բերելով «Միջազգային Հաբիթաթին»: Վեհափառ Հայրապետը, կարեւորելով նման ձեռնարկների իրագործումը, նշեց, որ այն ոչ միայն տանիք է տալիս կարիքավոր ընտանիքներին, այլեւ սերմանում է նմանին սիրելու եւ բարեգործություն կատարելու ոգի: