Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ
Սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում, ի շարս քննարկվող հարցերի, անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող ՙԽղճի եւ կրոնական ազատությունների՚ մասին օրինագծին:
Այս առնչությամբ խնդրո առարկա հարցերի լուծման մեջ խորհուրդը ընդգծեց կարևորությունը հարազատ մնալու հայ ժողովրդի ազգային եւ մշակութային ավանդույթներին, հարգելու մարդու հիմնարար ազատությունները և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավանդական Եկեղեցիների ու ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ Հայաստանում Ավետարանական համայնքների եւ խարիզմատիկ շարժումների ներկայացուցիչների գործունեությանը` դատապարտելով հասարակության մեջ կրոնական անհանդուրժողականության պատրանք ստեղծելու և այս պայմաններում արտոնություններ կորզելու նրանց մերժելի գործելակերպը: Խորհուրդն անընդունելի համարեց նաև Ավետարանական համայնքների հովիվների գործողությունները` հորդորելով հրաժարվել հոգեորսության միջոցով իրենց համայնքներն ընդլայնելու մտադրություններից և որդեգրած հակաէկումենիկ ընթացքից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Միջեկեղեցական-աստվածաբանական խորհուրդ