Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ է նշանակվել Գրիգոր աբեղան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռի միաբան Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ:

Հայր Գրիգորը վերջերս է վերադարձել Մայր Աթոռ Ֆրանսիայից, ուր համալրել է իր ուսումը Փարիզի Կաթոլիկ Համալսարանի «Սոցոլոգիայի եւ էկոնոմիկայի գիտություններ» ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան:

###

Տ© ԳՐԻԳՈՐ ԱԲԵՂԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(ավազանի անունը` Հրայր)

Ծնվել է 1974 թվականին Սեւան քաղաքում:

1981-1991 թթ. սովորել եւ ավարտել է Սեւան քաղաքի Մեսրեպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:

1991 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարան:

1998 թվականին, ավարտելով Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը, ծառայության է անցել Գեղարքունյաց թեմում:

1998 թվականի օգոստոս 16-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Անանիա Արքեպիսկոպոս Արաբաջյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1998 թվականի դեկտեմբերի 1-ից ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության եւ Քարոզչության Կենտրոնում` զբաղեցնելով զանազան պաշտոններ:

2000 թվականի հոկտեմբերի 28-ին պաշտպանել է «Պետրոս Արքեպիսկոպոս Բերդումյանի "Տարեկան քարոզներ. Մեծ պահքի շրջան"» թեմայով ավարտաճառը:

2000 թվականի նոյեմբեր 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2002-2007թթ ուսումը կատարելագործելու նպատակով ուսանել է Փարիզի Կաթոլիկ Համալսարանի («INSTITUT CATHOLIQUE DE PARIS») հաստատության «Սոցոլոգիայի եւ էկոնոմիկայի գիտություններ» («FACULTE DE SCIENCES SOCIALES ET ECONOMIQUE») բաժնում` միաժամանակ ստանձնելով Շավիլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովվի պարտականությունները:

2007 թվականի փետրվարի 17-ին Ֆրանսիայի նորակազմ թեմի Պատգամավորական անդրանիկ Ժողովի կողմից ընտրվել է Թեմական Խորհրդի անդամ, իսկ փետրվար 24-ին Թեմական Խորհուրդի անդրանիկ նիստի ժամանակ` Թեմական Խորհուրդի Դիվանի քարտուղար: