Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը:

Ուշ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ դիմավորեց Քենթրբերիի Արքեպիսկոպոսին եւ նրան ուղեկից շքախմբին: Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջեւ, եկեղեցականների սաղմոսերգությունից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Քենթրբերրի Արքեպիսկոպոսը կատարեցին աղոթքի արարողություն:

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո թափորն ուղղվեց դեպի Վեհարան: Վեհարանի Գահասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն եւ երկու Հովվապետերի խոսքերի փոխանակում:

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, պաշտոնեության, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու հավատացյալների Հայոց Հայրապետը ողջունեց Նորին Սրբազնության պաշտոնական այցելությունը Հայաստան եւ Ամենայն Հայոց հոգեւոր կենտրոն: Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց եղբայրական հյուրընկալության անմոռաց պահերը, որ ապրել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն պաշտոնական այցի ժամանակ, եւ Լույսի երեկոյան արարողությունը Անգլիկան Եկեղեցու հոգեւոր կենտրոն Քենթրբերիի Մայր Տաճարում:

«...Ձեր այցելության օրերին Մենք առիթը կունենանք միասնաբար աղոթելու եւ խորհելու Քրիստոնեական Եկեղեցիների համագործակցության, սիրո եւ միության մասին, եւ ավելի ամրապնդելու Հայ եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերը:

Ամենակալ Տերը կրկին անգամ օրհնում է Մեր եղբայրությունն այսօր, Քրիստոսի սիրո այդ լույսով կրկին ջերմացնում Մեր հոգիները` լույս, որ այս անգամ վառվում է Հայ ժողովրդի 1700-ամյա դարձը խորհրդանշող Լուսավորչի Անմար Կանթեղից» , - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:

Անդրադառնալով մեր իրականությանը` Նորին Սրբությունը նշեց, որ հոգեմտավոր հարուստ ժառանգություն ունեցող Մեր Եկեղեցիները բազմաթիվ մարտահրավերներ են դիմագրավում հովվական կյանքում, միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններում: «Կանգնած ենք Եկեղեցուն հուզող արդիականության բազմաթիվ մշակութային, հասարակական, տնտեսական եւ քաղաքական խնդիրների առջեւ, որոնք կարիք ունեն միասնական ջանքերով համատեղ լուծման: Վստահ ենք, որ Ձերդ Սրբազնության այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին մի նոր խթան կհանդիսանա վերոհիշյալ մարտահրավերները դիմագրավելու ճանապարհին Մեր երկու եկեղեցիների համար», - ընդգծեց Հայոց Հովվապետը:

«Մենք մեծ ուրախությամբ ենք ժամանել այս սրբավայր, որը շատ երկար էինք փափագում այցելել: Մենք գիտենք, որ սա Հայոց Եկեղեցու սիրտն ու ծննդավայրն է, աղբյուրն է այս ժողովրդի քրիստոնեական կյանքի»,-ասաց Քենթրբերիի Արքեպիսկոպոսը` անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման պատմությանը, Սուրբ Գրիգորի տեսիլքին, դարերի ընթացքին քրիստոնեական վկայությանն ու ժողովրդի քաջարի մարտիրոսությանը: «Սա այն ժաղովուրդն է, որ կրկին ու կրկին կոչված էր կրելու Քրիստոսի խաչը: Եվ մենք, հավաքվելով այստեղ, պատվում ենք այդ վկայությունը եւ գոհություն ենք հայտնում Հայր Աստծուն Քրիստոսի շնորհների համար, որ հայտնվեցին այս Եկեղեցու եւ ազգի կյանքում», - նշեց Ռոուան Արքեպիսկոպոսն իր խոսքում: Նա անդրադարձավ նաեւ երկու եկեղեցիների միջեւ առկա երկար տարիների բարեկամությանը, վերհիշեց նաեւ շուրջ հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանության եւ հալածանքների տարիներին Ռենդել Դեյվիդսոն արքեպիսկոպոսի կողմից գործադրված ճիգ ու ջանքերը:

Նորին Սրբազնությունը հիշեց Ամենայն Հայոց Հայրապետի այցը Անգլիայի Թագավորություն եւ Մայր Տաճարում խոսված քարոզը: Անգլիկան Եկեղեցու պետն իր ուրախությունը հայտնեց նաեւ Անգլիայում հայ եկեղեցականների շարունակ ուսումնառության առիթով: Վերջում նա վերստին շնորհակալություն հայտնեց եղբայրական հրավերի եւ ջերմ ընդունելության համար` փոխանցելով Նորին Սրբությանը Անգլիկան Եկեղեցու հավատացյալների ողջույններն ու աղոթքները: