Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 11-ին չորսօրյա այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը` Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Պատրիարքարանի վարչական ղեկավար Սոլնեչնոգորսկի Սերգիյ եպիսկոպոսը, Տ. Իոան աբեղա Գուայտան, Իոան սրկ. Կոպեյկինը, տիար Լեոնիդ Սեբաստիանովը, տեր եւ տիկին Պալեստինինները, տիկին Լարիսա Մոնախովան:
Պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ Քանաքեռի Ս. Տիրամոր ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Արսենի քահանա Գրիգորյանցը:
Օդանավակայանից պատվիրակությունն ուղեւորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց այցի առիթով` կարեւոր նկատելով նման փոխայցելություններն եղբայրական հարաբերությունների առավել սերտացման եւ համագործակցության զորացման համար: Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց երկու Եկեղեցիների եւ Հովվապետերի միջ եւ առկա կապերին, որոնք արդյունավորվում են բարի իրագործումներով մեր երկու ժողովուրդների հոգեւոր կյանքի պայծառության եւ Եկեղեցու եւ հասարակության առջեւ ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման համար:
Նորին Սրբությունը նաեւ հույս հայտնեց, որ առաջիկա տարին ավարտին կմոտենան Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի կառուցման աշխատանքները եւ մասնակցությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի կկատարվի բացումը հայաշունչ մի նոր կենտրոնի եւ օծումը առաջնորդանիստ հրաշակերտ եկեղեցու, ինչը կարեւոր հերթական արտահայտությունը կդառնա երկու ժողովուրդների դարավոր բարեկամության: Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց նաեւ, որ 2011թ. Հայաստանում կանցկացվի ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովը:
Իր հերթին Իլարիոն միտրոպոլիտը Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եղբայրական սերը եւ ջերմ ողջույնները, ապա շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով, որ այցը հնարավորություն կտա լավագույնս ծանոթանալու Եկեղեցու գործունեությանը տարբեր ոլորտներում եւ առավել սերտացնելու միջեկեղեցական կապերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությանը, եկեղեցական կյանքի խնդիրներին եւ մարտահրավերներին, քննարկվեցին միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններին, սոցիալական եւ կրթական ոլորտում երկու Եկեղեցիների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Այնուհետեւ պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացավ համայն հայության հոգեւոր կենտրոնում պահպանվող հայ ժողովրդի հոգեւոր եւ պատմա-մշակութային սրբություններին: Ապա շրջայց կատարվեց Սուրբ Էջմիածնում, որի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան Մայր Աթոռի կառույցներին, Հայ Եկեղեցու ներկայիս հոգեւոր-կրթական, սոցիալական, եկեղեցաշինական գործունեությանը:
Նույն օրը Ռուս Եկեղեցու պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերություն, որտեղ Իլարիոն միտրոպոլիտը հարցազրույց տվեց հեռուստաընկերությանը, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց Ռուս Եկեղեցու գործունեությանը, փոխհարաբերություններին այլ քրիստոնեական Եկեղեցիների եւ կրոնների հետ, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին եւ տարբեր մարտահրավերներին:
Չորսօրյա այցի ընթացքում նախատեսված են այցելություններ տարբեր եկեղեցիներ եւ վանքեր, հանդիպումներ ռուս համայնքի եւ ուսանողների հետ, այց Ծիծեռնակաբերդ: