Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց  Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը 02.09.2016
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը

     Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությունը` երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
     Հյուրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը:
     Բարձր գնահատելով Ճապոնիայի հետ Հայաստանի և հայ ժողովրդի սերտ հարաբերությունները` Նաթան Սրբազանն իր ուրախությունը հայտնեց, որ Ճապոնիայի խորհրդարանում էլ կա մի խումբ, որի անդամներն իրենց Հայաստանի բարեկամներ են նկատում: «Մենք շատ ենք կարևորում նման այցելությունները, որոնք հնարավորություն են տալիս մեր բարեկամներին` տեսնելու իրական Հայաստանը: Այսօր մենք, որպես երիտասարդ պետության, բայց հազարամյակների պատմություն ունեցող երկրի քաղաքացիներ, իրապես ցանկանում ենք մեր մասին ճշմարտությունը պատմել աշխարհին», - ասաց Սրբազանը`այս համատեքստում կարևորելով նաև Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը:
     Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրենը պատվիրակության անդամներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանդեպ անկախության տարիներին Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքի և զորակցության համար:
     Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահը, ակնածանք արտահայտելով հայ ազգի հոգևոր և մշակութային արժեքների նկատմամբ, շնորհակալություն հայտնեց 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ի հիշատակ աղետի զոհ դարձած ճապոնացիների` Հայ Եկեղեցու կողմից կազմակերպված արարողության համար:
     Բարձր գնահատելով Ճապոնիա-Հայաստան գործակցային և բարեկամական կապերը` պրն. Սեիշիրո Էտոն հույս հայտնեց, որ ջանքերի մեկտեղումով այսուհետև էլ ավելի կամրապնդվեն երկու երկրների հարաբերությունները: