Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցեց «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
Մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն առաջին անգամ մասնակցեցին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այդ առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում բացվեց «Նվիրական խորհրդանշաններ, պարգևներ և շքանշաններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսով առաջին անգամ ներկայացվեցին Ամենայն Հայոց Հայրապետների խաչերը, պանակեները և արծիվները, ինչպես նաև Հայոց Եկեղեցու պատվո բարձր շքանշանները և այն եկեղեցական ու պետական պարգևները, որոնք տարիների ընթացքում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի ու տարբեր պետությունների ղեկավարների կողմից տրվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսներին` Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին և Գարեգին Երկրորդ Հայրապետներին:
Միջոցառման շրջանակներում Միածնաէջ Մայր Տաճարում Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը` խմբավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանի, հանդես եկավ հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Այնուհետև Մայր Տաճարում տեղի ունեցավ նաև երգեհոնային համերգ (երգեհոնահար Թերեզա Ոսկանյան): Երգչախմբային և երգեհոնային համերգներին ներկա գտնվեցին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Միջոցառումն ավարտվեց Հանգստյան ժամերգությամբ: