Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռնադրվեցին 36 նոր սարկավագներ
Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ:
Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը Հայոց Եկեղեցում համարվում է սարկավագների տոն, եւ ձեւավորված ավանդության համաձայն` կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանորեից տեսուչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 36 սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները:
«...Սիրելի սարկավագ եղբայրներ, այսօր տոն է, ցնծություն եւ մեծ ուրախություն մեզ բոլորիս համար, որովհետեւ դուք, որպես երիտասարդներ, այսօր ստանում եք սարկավագական ձեռնադրություն, եւ այդ ձեռնադրությամբ նոր արյուն է մուտք գործում Հայաստանյայց Եկեղեցուց ներս, որպեսզի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առավել եւս երիտասարդանա եւ երիտասարդ ավյունով, երիտասարդ ուժով եւ կորովով շարունակի ծառայել իր ժողովրդին, ինչպես որ ծառայել է 1700 տարիներ ի վեր»,- նորընծա սարկավագներին ուղղված իր պատգամում ասաց Սրբազան Հայրը` հորդորելով լավագույնս արժեւորել այն մեծագույն առաքելությունը, որ ստանձնում են նրանք` դառնալով Քրիստոսի լուծի կրողներ:
Սբ. Պատարագից հետո Վեհարանում նորընծա սարկավագներին իր հայրական օրհնությունն ու պատգամը տվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով սարկավագներին տոնի առիթով, իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սարկավագաց դասը համալրվեց եւս 36 հոգով եւ հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ լծվել իրենց պարտականությունների իրականացմանը` աչքի առաջ միշտ ունենալով Սբ. Ստեփանոսի հավատքի ամրությունն ու արիասիրտ ոգին: