Մայր Աթոռում տեղի ունեցավ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցի հանձնախմբի ժողովը
Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Ժողովին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների առաջարկություններ ներկայացնող հանձնաժողովի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրեց թվով քսաներեք առաջարկ, որոնք վերաբերում էին ինչպես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստման, այնպես էլ իրականացման աշխատանքներին:
Ժողովի ներկայացուցիչները, հանգամանորեն քննարկելով առաջարկությունները, ամբողջացրեցին դրանք` ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետի վավերացմանը: