Մայր Աթոռի ներկայացուցիչները մասնակցեցին «Ռենովաբիսի» 18-րդ միջազգային համագումարին
Սեպտեմբերի 3-5-ը Ֆրայզինգում (Հարավային Գերմանիա) տեղի ունեցավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 18-րդ միջազգային համագումարը` «Եկեղեցի, լրատվամիջոցներ, հանրային կարծիք» խորագրի ներքո:
Համագումարին մասնակցեցին 350 ներկայացուցիչներ 30 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համագումարին ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը:
Համագումարի ընթացքում քննարկվեցին եկեղեցական մամուլին և դրա զարգացմանը, ԶԼՄ-ների հետ Եկեղեցու արդյունավետ համագործակցության ուղիներին վերաբերող հարցեր: Մասնավոր անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես է Եկեղեցին ընկալվում և ներկայացվում լրատվամիջոցների կողմից:
«Իրավիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայի շրջանակներում համագումարը քննարկեց նաև լրատվամիջոցների էթիկային, մամուլի ազատությանը և նոր լրատվամիջոցներին առնչվող խնդիրներ:
Համագումարի օրերին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ ունեցան «Ռենովաբիսի» ղեկավարների հետ` ձևավորված համագործակցության առավել ընդլայնման և արդյունավորման նպատակով: