Մայր Աթոռի երգչախումբը ելույթ ունեցավ Մոսկվայի երաժշտության միջազգային տանը

Մայր Աթոռի երգչախումբը ելույթ ունեցավ Մոսկվայի երաժշտության միջազգային տանը 18.01.2011

Իրադարձությունների տեսանյութ

Հունվարի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը հանդես եկավ Մոսկվայի երաժշտության միջազգային տան Սվետլանովսկյան սրահում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը ժամանել էր Մոսկվա` մասնակցելու հոգեւոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ:

Մայր Աթոռի երգչախումբը Ռուբեն Շարբաթյանի գլխավորությամբ կատարեց միջնադարյան եւ ժամանակակից հեղինակների հայ հոգեւոր երգեր: Հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու, Ալեքսանդր Հարությունյանի, Օհան Դուրյանի հոգեպարար ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը Տիրոջն ուղղված փառաբանություն է, Տիրոջ գթասրտությանն արժանանալու աղոթք-խնդրանք: Մենակատարներ Սարգիս Թորոսյանի, Կարինե Ավեստիսյանի, Առնոլդ Քոչարյանի, Արմինե Օջախյանի կատարմամբ հնչեցին «Տեր Ողորմեա», «Ով զարմանալի», «Սուրբ- Սուրբ», «Հավուն, հավուն», «Գթա Տեր» երգերը:

Ս. Ծննդյան առաջին այս փառատոնի նախաձեռնողներից է նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմը: Համերգի ավարտից հետո թեմակալ առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը հանդիպեց երգիչների հետ, շնորհավորեց նրանց անկեղծ ու գեղեցիկ կատարման համար: «Թող այս հավատարմությամբ ու նվիրումով, որ ծառայում եք ազգին, եկեղեցուն, Աստված օրհնի ձեզ: Մենք էլ ուրախանանք եւ գոտեպնդվենք, որ մեր ազգը հզոր է այսպիսի զավակներով»,-ասաց սրբազան հայրը երգիչներին:

Ս. Ծննդյան մոսկովյան փառատոնին մասնակցում են նշանավոր երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնը կավարտվի հունվարի 23-ին: