Մայր Աթոռը լույս է ընծայել ՙՀայը և իր երգը՚ մանկական երգերի ժողովածուն

Մայր Աթոռը լույս է ընծայել ՙՀայը և իր երգը՚ մանկական երգերի ժողովածուն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրատարակել է Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի և Կոմիտաս Գևորգյանի հեղինակած ՙՀայը և իր երգը՚ մանկական երգերի գիրքը: Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուն երկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով: Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արևմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արևելահայերենի փոխադրումը և նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը և Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարվել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից: Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների և հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: