Ճեմարանի ուսանողները կմեկնեն թեմեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր տնօրինությամբ հուլիսի 1-ից Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի չորրորդ եւ հինգերորդ լսարանների 34 սաներ ամառային արձակուրդների ընթացքում իրենց ծառայությունը կբերեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում` թեմակալ առաջնորդների իշխանության ներքո:

Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սաներից չորսը կմեկնեն Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմ, երեքը` Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ, երեքը` Վիրահայոց թեմ, չորսը` Արցախի թեմ, երկուսը` Արմավիրի թեմ, երեքը` Արագածոտնի թեմ, երկուսը` Գեղարքունիքի թեմ, հինգը` Գուգարքի թեմ, երկուսը` Կոտայքի թեմ, երկուսը` Շիրակի թեմ, չորսը` Սյունյաց թեմ:

«Հովվական իրենց ապագա գործունեությունն արդյունավետ եւ լիարժեք կառուցելու համար ուսանողները պիտի կարողանան ճեմարանում ստացած իրենց տեսական գիտելիքներին գումարել նաեւ գործնականում` իրենց հոգեւոր ծառայությամբ ձեռք բերած փորձառությունը»,- նշել է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը` խիստ կարեւորելով ու անհրաժեշտ նկատելով ուսանողների համար նման ծրագրի իրականացումը: