«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ

«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ 16.06.2014
Միջազգային խորհրդակցության մասնակիցների հայտարարությունը

     «Հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում հավաքվել էին Սիրիայի, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի ներկայացուցիչները եւ հոգեւոր առաջնորդները` քննարկելու Սիրիայում շարունակվող ճգնաժամի պայմաններում հավատքի համայնքներին սպառնացող մարտահրավերները:
     Մենք հավաքվեցինք հայերի և ասորիների ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և աղոթեցինք արդարության և խաղաղության համար: Մենք այցելեցինք Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքով վճարեցին հավատքի և ազգային պատկանելության համար:
Այս հավաքը համընկավ նաև Հոգեգալստյան տոնին, երբ Սուրբ Հոգին իջավ` միաբանելու բոլոր լեզուներով խոսող հավատացյալներին: Սուրբ Հոգին մեզ մղում է հավատալու, որ միայն մարդկային ջանքերով հնարավոր չէ ձեռք բերել խաղաղություն ու արդարություն բոլոր ժողովուրդների համար:
     Դիակոնիկ և մարդասիրական օժանդակությամբ եկեղեցիները շարունակում են Սիրիայի ժողովուրդների հանդեպ Քրիստոսի տածած անվերապահ սիրո վկան լինել: Կարևոր է, որ եկեղեցիները շարունակեն այն մարդկանց կողքին լինել, որոնք ապաստանել են հարևան երկրներում: Ուստի, մենք խրախուսում ենք համագործակցությունը տարբեր եկեղեցիների և եկեղեցական կառույցների միջև Սիրիայում և միջազգային շրջանակներում: Այն եկեղեցիներին, որոնք հաշտեցման ուղին են բռնել, մենք կոչ ենք անում շարունակել կամուրջներ կառուցել՝ զարգացնելով երկխոսությունը մուսուլման եղբայրների և քույրերի հետ:
     Մենք երախտապարտ ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայաստանի կառավարությանը` իրենց երկրում ավելի քան 12.000 սիրիացի փախստականներ ընդունելու համար:
     Սիրիայի խնդրին նվիրված միջազգային և էկումենիկ խորհրդակցության ժամանակ, որը կազմակերպվել էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից 2014 թ-ի հունվարին, մենք արտահայտեցինք մեր մտահոգությունը Սիրիայում ծայրահեղ բռնության և մարդկային աղետի պատճառով տուժած մարդկանց նկատմամբ և հստակորեն շարադրեցինք մեր խորը համոզմունքը, որ այդ երկրի ճգնաժամին չպետք է տրվի ռազմական լուծում:
Մոտ չորս ամիս է անցել Ժնև 2 խաղաղարական գործընթացի ձախողումից: Մեծ ցավով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիվանդանոցների և աղոթատեղիների մասսայական և համատարած ոչնչացումը: Պատերազմի ներթափանցմամբ հարևան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի և վտանգավոր զարգացումների: Հետևաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինված հակամարտության և թշնամության անհապաղ դադարեցմանը Սիրիայում և Իրաքում:
     Մենք կոչ ենք անում հանել մարդասիրական նպատակներով դեպի Սիրիա փոխանցվող դրամական փոխանցումների սահմանափակումները, ինչպես նաև հումանիտար օգնության արգելափակումը, դադարեցնել զենքի հոսքը, հակամարտության բոլոր կողմերի ֆինանսավորումը և դուրս բերել բոլոր օտար զինյալներին:
Մենք պահանջում ենք անմիջապես ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին՝ Հալեպի և Ալեքսանդրետայի Հույն Ուղղափառ Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Բուլոսին և Հալեպի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Յուհաննա Գրեգորիոսին, ինչպես նաև Հայր Պաոլո Դալ’Օլիոյին, բոլոր գերիներին և անարդարացիորեն բանտարկվածներին:
     Այս պայմաններն են ձևավորում մեր մտադրություններն ու հույսերը մեծ էկումենիկ ընտանիքում եկեղեցիների եղբայրության ճանապարհին՝ հավատացյալ բոլոր ժողովուրդներին խաղաղություն և արդարություն բերելու նպատակին ընդառաջ:
     «Երանի՜ խաղաղարարներին» (Մաթ. 5:9)»: