Ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Հոկտեմբերի 6-ին Բոսթոնի Ֆեյրմոնթ Քոփլի հյուրանցում տեղի ունեցավ ճաշկերույթ ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին շուրջ 350 հյուրեր: Երեկույթի ընթացքին Նորին Սրբությանը ողջունեցին Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսը, Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի կարդինալ Շոն Օ
’ Մելլին եւ Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ, ԱՄՆ Արեւելյան թեմի թեմական խորհրդի գանձապահ պրն. Ջեյմս Գալուստյանը, ով հանդիսանում է հովվապետական այցի կոմիտեի նախագահը, Նյու Ինգլանդ նահանգի` հովվապետական այցի կազմակերպիչ տարածքային կոմիտեի նախագահ պրն. Հայկ Դերանյանը: Իր խոսքում Պրն. Գալուստյանը նշեց. «Հայ քրիստոնեական ոգին եւ հոգին կենդանի են Ամերիկայի հայորդիների մեջ: Մենք ողջունում ենք Ձեզ եւ աղոթում, որ Տերը շարունակ ձեզ շնորհի ուժ, իմաստություն եւ քաջառողջություն, որպեսզի իրականացնեք Տիրոջ կամքը հանուն մեր սիրեցյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ձեր սիրելի զավակների»: Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսն իր հերթին գնահատանքի խոսքեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հորդորեց ներկաներին հավատարիմ մնալ սեփական ժառանգությանը, ավանդույթներին ու մշակույթին: «Հույն եւ հայ համայնքներն իրենց մեծ ներդրումն ունեն աշխարհի պատմության մեջ: Ես կցանկանայի, որ դուք մաս չդառնայիք ամերիկյան խառնարանի, այլ շարունակեիք մնալ իբրեւ հայկական խճանկարի մաս, ուր մենք նպաստում ենք այդ ազգի մեծությանը` առանց զոհաբերելու մեր ինքնությունը»: Կարդինալ Շոն Օ’Մելլին եւս իր բարեմաղթանքներն ուղղեց Նորին Սրբությանը` մասնավորապես ասելով. «Ձեր Կաթողիկոսը ոչ միայն ձեր հոգեւոր առաջնորդն է, այլեւ ճանաչված է որպես հզոր կրոնապետ ողջ աշխարհում»: Իր խոսքում նա անդրադարձավ նաեւ միջեկեղեցական հարաբերություններին` հորդորելով հավաքվածներին հանուն միասնականության աղոթելու անհրաժեշտության մասին:Այնուհետեւ ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը. «Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուսերին է հայոց պատմության, քրիստոնեական ժառանգության եւ ինքնության ողջ ծանրությունը: Սակայն փոխարեն լծի, Վեհափառ Հայրապետը ուրախ եւ խոնարհ սրտով կրում է այդ պատասխանատվությունը` բոլորիս կոչելով Քրիստոսակենտրոն կյանքի»: Սրբազանը նշեց, որ Հայրենիքը եւ ողջ Սփյուռքը Հայոց Հայրապետի առաջնորդությամբ կարող են զորության, հոգեւոր առաջնորդության եւ խոստումնալի ապագայի վստահություն ունենալ»:
Այնուհետեւ ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: «Մեր երկիրը եւ պատմությունը կրում են վկայությունը Աստծո խնմաքի եւ հոգածության մասին: Մեծ ջրհեղեղից հետո Աստված Արարատ լեռան ստորոտում վերահաստատեց մարդկության կյանքը, եւ այդ նույն սրբազան վայրում Նա ուխտ կապեց արդար Նոյ նահապետի հետ` Աստծո եւ մարդու միջեւ առաջին ուխտը: Հետագային Աստված մեր ժողովրդին մեկ անգամ եւս շնորհեց Միածին Որդու Էջքը, եւ հայոց հողի վրա Իր ընտրյալ ազգի` առաջին քրիստոնյա ազգի համար հաստատեց աղոթքի Իր տունը», - նշեց Նորին Սրբությունը: