Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցին կշարունակի մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանության ներքո
Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն, ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հղած գրության, հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Գերագույն Ռադայի նախագահը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որեւէ փոփոխություն չի լինելու: Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանության ներքո` որպես հոգեւոր-եկեղեցական նշանակության կառույց:
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմում արդեն իսկ հոգեւոր սպասավորության է կոչվել Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով թեմակալ առաջնորդի իշխանության ներքո իր ծառայությունն է բերելու իբրեւ Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սբ. Խաչ վանքի վանահայր: