«Հրաշափառի» արարողություն` Մայր Տաճարում
Սեպտեմբերի 16-ին` վաղ առավոտյան, Ավստրալիա եւ Ղազախստան կատարած Հայրապետական ուղեւորությունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերադարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանների ուղեկցությամբ` մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումներին:
Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից եւ արտերկրից ժամանած եկեղեցականներից կազմված հանդիսավոր թափորով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն առաջնորդվեցին Մայր Տաճար:
Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարված սաղմոսերգության եւ գոհաբանական աղոթքի արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստյան խոսքով դիմեց ներկաներին` ուրախություն հայտնելով Մայր Աթոռում Արամ Ա Կաթողիկոսի, իրեն ուղեկից հոգեւոր դասի, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած թեմակալ առաջնորդների ներկայության համար եւ ողջունելով «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նրանց առաքելությունը: «...Երկու կարեւոր միջոցառումներ են, որոնք կոչում են աշխարհասփյուռ հայոց ազգին համահավաք, միասնական ոգով եւ միասնական կամքով շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը` իրագործելու համար մեր հայրերի նվիրական եւ սուրբ տեսիլքը` ազատ եւ հզոր Հայրենիքի կերտման:
Մենք գոհունակ սրտով հաստատում ենք, որ անցնող 15 տարիներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամողջանվեր կերպով իր ծառայությունն է բերել Հայրենիքում եւ Սփյուռքում այս կարեւոր նպատակի համար` Սփյուռք-Հայրենիք մերձեցման եւ անկախ մեր պետության զորացման համար»,-ասաց Նորին Սրբությունը` փառք վերառաքելով Աստծուն, որ այս օրերին Հայոց Եկեղեցին պիտի եւս մեկ անգամ վկայի եւ հռչակի, որ անվարան կերպով ամբողջական իր մասնակցությունն է բերելու Հայրենիքի զորացման ու առաջընթացի սուրբ գործին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Սուրբ Էջմիածնում գտնվելու համար, այս առիթով իր ապրումները փոխանցեց ներկաներին: «Մեր ժողովրդի զավակները եւ մենք պետք է միշտ մեր մտքի, մեր հոգու ու մեր կյանքի մեջ անջնջելի կերպով ունենանք, հիշենք, մտաբերենք այն պատմական իրողությունը, թե Աստված մեր ժողովրդի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճամփով, այս տաճարի ճամփով խոսեց: Էջմիածինը Միածնաէջ տաճար է: Աստված մեր ժողովրդի կյանքի մեջ իջավ, մեր ժողովրդի հետ երկխոսության մեջ մտավ այս տաճարի ճամփով: Հետեւաբար` լինել Սուրբ Էջմիածնին մեջ` մեզ համար սովորական եկեղեցու մեջ լինել չի նշանակում, այլ մեր պապերի հետ, մեր սուրբերի հետ, մեր հայրապետների հետ, մեր նահատակների հետ, այլ խոսքով` մեր կենդանի պատմության մեջ լինել: Լինել Սուրբ Էջմիածնի մեջ մեզ համար նշանակում է մի քիչ ավելի հայանալ, մի քիչ ավելի մեր քրիստոնեական հավատքի մեջ զորանալ»,-ասաց Արամ Ա Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին նաեւ իր մտորումները Հայրենիքին զորակցության եւ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովի նշանակության առնչությամբ:
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ամենքին Տերունական աղոթքով հայցելու Բարձրյալ Տիրոջ ողորմությունը` հանուն աշխարհի խաղաղության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրության եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անսասանության: