Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում 2007թ. հունիսի 19-ին ժամը 11-օօ-ին տեղի ունեցավ հիշատակի ոգեկոչման արարողություն` նվիրված «ԱԿՕՍ» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին: Բուհի ռեկտոր Գ. Խաչատրյանի առաջարկությամբ եւ ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ բանասիրական ֆակուլտետի նորաբաց լրագրության (Ժուրնալիստիկա) բաժնի լսարանն անվանվեց Հրանտ Դինքի անվամբ:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանի հրավերքով հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Հրանտ Դինքի հարազատները` այրին` տիկին Ռաքելը եւ Հրանտի եղբայրը` Երվանդը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Երեւանում «ԱԿՕՍ» թերթի թղթակիցը, ինստիտուտի դասախոսական կազմը, ուսանողներ, ինչպես նաեւ լրագրողներ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարական գործիչներ, մտավորականներ:
Բացման խոսքով հանդես եկավ տիար Գ. Խաչատրյանը: Նա իր խոսքում կարեւորեց Հրանտ Դինքի ազգային-հասարակական գործունեությունը եւ ուրախությամբ փաստեց լրագրության բաժնի լսարանը Հրանտ Դինքի անվամբ կոչելը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակ լրագրողի հիշատակը` Սեպուհ Սրբազանի հնչեցրած «Հոգւոցն հանգուցելոց» աղոթքից հետո տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին պատրաստված հուշաքարի բացման արարողությունը:
Թեմակալ առաջնորդը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց մալաթիացի իր հայրենակցի կենսագրությունը եւ բազմաբեղուն ու ազգաշահ հասարակական գործունեությունը, ապա մխիթարական խոքեր ուղղեց տիկին Ռաքելին, Հրանտի եղբորը եւ ներկաներին. «Այսօր էլ դեռ մենք` հայաստանցիներս, ամբողջական չենք գիտակցում, թե ինչ է նշանակում իբրեւ հայ` ապրել Թուրքիայում: Հրանտի մահով ցնցվեցինք ամենքս ու կրկին մեր հայացքը հառեցինք Ստամբուլ` հասկանալու համար, թե ինչ կյանքով են ապրում, ինչ կենցաղավարություն ունեն եւ ինչ արժեքների են տիրապետում, ինչ հոգսեր ու մտահոգություններ ունեն հայրեը Թուրքիայում: Թուրքիայում 90 տարի լուռ մնացած հայ համայնքը, իր մեջ ցավն ու վիշտը անթեղած, վերջապես Հրանտի շուրթերով իր ձայնը բարձրացրեց հանուն արդարության եւ ազատ խոսքի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության: Հրանտ Դինքը, ով ջատագովն էր արդարության, Թուրքիայի խորքային պետության սեւ ձեռքով մահվան դատապարտվեց: Խոր վշտով եւս մեկ անգամ խոնարհվում ենք Հրանտի հիշատակի առջեւ եւ ցավակցում տիկին Ռաքելին, եղբորը` Երվանդին, եւ բոլոր հարազատներին»:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելս Սանթոյանը, Հայաստանում «Ակօս» թերթի թղթակից տիկին Լոքմագյոզյանը, լրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողները, ովքեր եւ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին տիկին Ռաքելին: Նրանց խնդրանքին ի պատասխան` տիկին Ռաքելը խոստացավ լրագրության լսարանին նվիրաբերել Հրանտին նվիրված գրականություն եւ նրա իրերից:
Բուհի անունից տիկին Ռաքելին Գ.Խաչատրյանը որպես հիշատակ նվիրեց Հովհ. Թումանյանի շքեղակազմ ժողովածուն եւ այլ գրականություն:
Տիկին Ռաքել Դինքը հուզմունքով եւ երախտագիտությամբ իր շնորհակալությունը հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանին եւ բուհի ղեկավարությանը` նմանօրինակ գնահատանքի եւ ուշադրության համար: