Հուշ-երեկո` նվիրված Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետին
Սեպտեմբերի 19-ին Երեւանում, Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ համերգասրահում, տեղի ունեցավ հուշ-երեկո եւ արխիվային լուսանկարների ցուցահանդես` նվիրված երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հանդիսությունը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հիշատակի խոսքեր ասացին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«...Քրիստոնեական հավատքն ու ազգային ապրումը շաղախված էին երջանկահիշատակ Հայրապետի հոգում, որոնցով արդյունավորվում էին նրա ապրած օրն ու ժամը հոգեւոր ծառայության բոլոր հանգրվաններում` դպրանոցի տեսչություն, այնուհետեւ` առաջնորդություն եւ կաթողիկոսության տարիներ: ...Տասը տարիներ են անցել այն օրից, երբ Գարեգին Ա Կաթողիկոսը իր աչքերը փակեց համայն հայության հոգեւոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` անավարտ թողնելով իր բազում ծրագրերը: Այս տարիներին միշտ հաստատուն է մնացել հոգելույս Հայրապետի կերպարը մեր ժողովրդի զավակների սրտերում: Իր գործերով եւ վաստակով, կյանքի օրինակով Գարեգին Ա Կաթողիկոսը շարունակում է ապրել մեր ժողովրդի հիշողության մեջ եւ արժանի գնահատանքով պիտի հիշվի սերունդների կողմից: Պիտի հիշվի նաեւ նրա պատվիրանը` ազգային իղձերի իրականացման ճանապարհին. «Արթնացիր, զգօն դարձիր, ճշմարտութիւնն ու արդարութիւնը կրնան պահ մը լռեցուիլ, բայց երբէք` թաղուիլ»: ...Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ երանելի մեր Հայրապետների հիշատակը, նրանց հավատավոր կյանքի ուղին, գործն ու վաստակը քաջալերություն են բերում մեր հոգիներին, ոգեշնչում եւ ուսուցանում մեզ ապրելու առ Աստված սիրով, առ Հայրենիքն ու ազգս հայոց նվիրումով ու պատասխանատվությամբ: Թող լուսահոգի մեր հայրապետների երկնաբնակ հոգիները բարեխոս լինեն եւ աղոթեն մեզ համար», - նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
«...Մեծ հայ, հոգեւոր ու ազգային անհատականություն, մտավորական, հայ գրի ու մշակույթի ճշմարիտ նվիրյալ: Այդպիսին էր Վեհափառ Հայրապետը եւ նա կոչված էր այդպիսին լինել` դիմագրավելու համար հակասական ժամանակների գլոբալ մարտահրավերներին` հայապահպանություն, եկեղեցաշինություն, պայքար ազգային ինքնության ու արժեքների պաշտպանության առաջին դիրքերում, դիմակայություն հանուն հավատքի, հանուն հայ ժողովրդի հարատեւության, հանուն այն ամենի, ինչին նա անվերապահ հավատում ու անմնացորդ ծառայում էր: Պատմական ճակատագիրը Հայոց հայրապետերին միշտ բաժին է հանել բարդ ու փորձություններով հարուստ իրադարձություններում գործելու առաքելություն եւ նրանից ոչ մեկն իրենից չի վանել այդ պարտավորությունը: Գարեգին Առաջինը նույնպես անմնացորդ նվիրումով ծառայեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն», - մասնավորապես նշեց իր խոսքում ՀՀ Վարչապետը:
Հոգելույս Հայրապետի մասին իր հուշերը ներկայացրեց նաեւ տիար Արմեն Սարգսյանը:
Հանդիսության ընթացքում ցուցադրվեց «Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ֆիլմը` պատրաստած «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից:
Ապա Մ. Եկմալյանի, Ա. Պարթեւյանի, Ալ. Հարությունյանի, Ջ. Հենդելի, Գ. Ֆոռեի, Դ. Շոստակովիչի, Ջ. Վերդիի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Ազգային ակադեմիական երգչախումբը` խմբավարությամբ Հովհաննես Չեքիջյանի եւ Էդուարդ Թոփչյանի: