Հունիսի 1-ը` Ս. Գայանյանց կույսերի տոն
Լուսանկարների սրահ
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Գայանյանց կույսերի տոնը:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը «Անձինք նվիրյալք» շարականի երգեցողության ներքո ուղղվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Տոնի առիթով դուրս էր բերվել նաեւ Մայր Աթոռում պահվող սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը, որը կրում էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Վանքում ս. կույսի Աջը դրվեց ծաղկեզարդ պատվանդանի վրա, որպեսզի բարեպաշտ հավատացյալները հնարավորություն ունենան հպվելու սրբազան մասունքին եւ արժանանալու սրբուհու բարեխոսության:
Տոնական այս օրը Ս. Պատարագ մատուցեց Ս. Գայանե վանքի վանահայր Տ. Մակար աբեղա Հակոբյանը: Պատարագի ընթացքում պատարագիչ Հայր Սուրբը նաեւ անդրադարձավ տոնի խորհրդին:
Հավարտ Սուրբ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Անդաստանի արարողությունը, որի ընթացքում սրբուհու Աջով օրհնեց աշխարհի չորս կողմերը եւ ներկա բազմաթիվ ուխտավորներին:
Ապա գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները: