Հովվապետական այց Նիս

Հովվապետական այց Նիս 09.09.2012
Հովվապետական այց

 

   Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ` Նիսի ծուխ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տ. Շահե աբեղա Անանյանն իբրև գավազանակիր և Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը: Հայրապետական շքախմբի կազմում ընդգրկված էին  ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Ալպ-Մարիտիմ, Վար և Մոնակո շրջանների հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

  Փարիզից Նորին Սրբությանն ուղեկցեցին նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիտեչյանը: Նիսում Նորին Սրբությանը դիմավորեցին Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը, Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս տիար Վարդան Սիրմաքեշը, ծխական խորհրդի անդամները և հավատացյալ հայորդիներ:

  Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ: Հանդիպմանը ներկա էին քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի հայ համայնքի շուրջ երկու հարյուր անդամներ և հրավիրյալներ: Քաղաքապետը բարիգալստյան խոսքում ողջունեց Նորին Սրբության այցը Նիս` անդրադառնալով Ֆրանիսայի և Նիս քաղաքի առաջընթացին ու զարգացմանը հայորդիների բերած մեծ նպաստին ու ներդրումին, նշելով, որ քաղաքի իշխանությունների կողմից մշտապես աջակցություն է ցուցաբերվում հայ համայնքին: Քաղաքապետն իր խոսքում դատապարտեց նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու պախարակելի իրողությունը, շեշտեց Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչման անհրաժեշտությունը:

  Վեհափառ Հայրապետն իր խոսքում գնահատանք հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և Նիսի քաղաքապետին հայ համայնքին մշտապես սատարումի, ինչպես նաև մարդասպան հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստը խստորեն դատապարտելու համար: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Քրիստիան Էստրոզիին նաև այն նախանձախնդիր ջանքերի համար, որ ներդրել է Ֆրանսիայի Ազգային ժողովում և իր քաղաքական գործունեության ընթացքում` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը վառը պահելու, հայ ժողովրդի ու մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությունը դատապարտելու գործում և Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացներում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Նիսի հայորդիները պիտի հաղթահարեն ներհամայնքային կյանքում առկա դժվարությունները` շարունակելով Նիսի ծուխում նորանոր հաջողություններ արձանագրել, քանզի աստվածսիրությունը, մեր Սուրբ Եկեղեցու կարգի ու կանոնների և սրբազան ավանդության հանդեպ հավատարմությունն ու հարգանքը մեր ժողովրդի փառքն ու հպարտությունն են, մեծ տեղ ունեն հավատավոր հայորդիների սրտում և չեն կարող ստվերվել: