Հոգեհանգստյան արարողություն Ս. Գայանե վանքում
Հունիսի 29-ին Ս. Գայանե վանքում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հոգեհանգստյան արարողությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջին հրաժեշտի համար Ս. Գայանե վանքում հավաքվել էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում պապական նվիրակ Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, հանգուցյալ Սրբազանի հարազատներ եւ բարեկամներ:
Արարողությունից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը.
«Մեծարգո Նախագահ,
Հոգեւոր հայրեր եւ սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Տխրությունն է այս պահին համակել մեր հոգիները: Վշտալի զգացումներով եւ կորստի ցավը մեր սրտերում` հրաժեշտ ենք տալիս մեր Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վաստակաշատ եւ նվիրյալ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանին: Ուղեկցում ենք նրան դեպի հավերժական կյանքի ճանապարհ, դեպի վերջին հանգրվանը` Աստծո ողորմած հայացքի ներքո:
«Ոչ է մարդ իշխան հոգւոյ
… եւ ոչ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան» (Ժող. 8.8),- ասում է Սուրբ Գիրքը: Արդարեւ, մարդը իշխանություն չունի իր մահվան օրվա հանդեպ: Տերն է կանչում մարդուն երկրավոր կյանքից հավիտենական կյանքի: Մենք հավատում ենք, որ ի Քրիստոս ննջեցյալ հոգիներին պիտի հնչի առաքյալի կողմից վկայակոչված խոսքը. «Արի° որ ննջեսդ« եւ կանգնեա°ց ի մեռելոց« եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս» (Եփ. 5.14): Մխիթարական այս գիտակցությամբ ենք հրաժեշտ տալիս այսօր Տիրոջ արժանավոր ծառային` Ներսես Սրբազանին:Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը մեր Եկեղեցու երեց եւ բանիմաց հոգեւորականներից էր: Մենք ճանաչել ենք Սրբազանին դեռեւս Մեր ուսանողական տարիներից: Նա բարեպաշտ ծնողների զավակ էր, ովքեր տարագրված Կիլիկիայից, կարճ ժամանակ ապաստանելով Բեյրութում` ի վերջո բնակություն հաստատեցին Հայաստանում: Աստվածսիրության ու հայրենասիրության հունդերը, որ Սրբազանի հոգում սերմանել էին իր հավատավոր ծնողները, ծլարձակեցին, եւ դեռեւս երիտասարդության տարիներին նա ուխտեց որպես կուսակրոն հոգեւորական իր ծառայությունը բերել Եկեղեցուն եւ ժողովրդին: Սովորելով Անթիլիասում, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանում` հոգելույս Սրբազանը իր ուսումնատենչ հոգում ամբարեց գիտելյաց պաշարներ եւ ծաղկեցրեց իր ծառայագործությունը` բարեբեր պտուղներ բերելով Հայ Եկեղեցու փրկչական ու ազգապահպան առաքելությանը: Նա ապրեց մեր Եկեղեցու համար դժվարին ժամանակաշրջանում, երբ Հայաստանում Եկեղեցին ու եկեղեցականները գործելու ազատություն չունեին, եւ Սուրբ Էջմիածինը խորհրդային տարիներին չէր կարողանում ի գործ դնել իր ողջ հնարավորությունները` Հայրենի երկրում եւ աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի կյանքում իրականացնելու իր առաքելությունը: Այս պայմաններում բարեհիշատակ Սրբազանը տասնամյակներ շարունակ իր սպասավորությունը բերեց Հայրենքում եւ Սփյուռքում, որպեսզի հայորդիների սրտերում մշտավառ մնան քրիստոնեական հավատքը, եկեղեցանվիրումն ու ազգասիրությունը: Վազգեն Ա Հայրեպետի գահակալության տարիներից Ներսես Սրբազանը եռանդուն մասնակցություն է ունեցել Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցա-կազմակերպչական ու կրթա-դաստիարակչական գործունեությանը` լինելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ, Հոգեւոր Ճեմարանի տեսուչ, Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ, Անգլիո Հայոց թեմի առաջնորդ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ: Հոգելույս Սրբազանը իր զբաղեցրած պատասխանատու պաշտոններում եւ հանձնառություններում միշտ աշխատել եւ գործել է աննվազ ձգտումով` օգտակարություն ու արդյունավորություն բերելու հայ ժողովրդի կյանքում մեր Սուրբ Եկեղեցու, Սուրբ Էջմիածնի առաքելությանը, ջանքեր ներդնելու` Մայր Եկեղեցու առավել զորացման, շինության ու պայծառության համար:
Ի Տեր հանգուցյալ Ներսես Սրբազանի հոգեւոր վաստակը արգասավորված է նաեւ իր գրական ստեղծագործություններով, որոնցում արտահայտված են Սրբազանի սերը առ Աստված եւ առ Հայրենին, նվիրումն ու հավատարմությունը` հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, եւ որոնք զորացնում են ընթերցողների ձգտումը առ բարին, ազնիվը եւ գեղեցիկը:
Մխիթարությամբ ենք հիշում, որ Հայրապետական սրբատառ Կոնդակով Ներսես Սրբազանին շնորհել ենք մեր Սուրբ Եկեղեցու պատվո բարձրագույն պարգեւը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը, եկեղեցաշինության առաքելության մեջ բերած ներդրումի` իր սիրելի ծնողների հիշատակին Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման համար, որի բակում եւ ամփոփվելու է Սրբազանի աճյունը:
Այս տխուր առիթով Մեր գնահատանքն ու շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ` Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյան, Ձեր ներկայության, լուսահոգի Սրբազանի հանդեպ հարգանքի, նրա երկարամյա, ազգանվեր ծառայության արժեւորման եւ Մեզ բերած սրտակցության համար:
Եղբայրական Մեր սերն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, ովքեր կորստի այս դժվարին պահին իրենց մխիթարիչ ու սրտակից խոսքով եւ աղոթքով Մեզ եւ Մայր Աթոռիս միաբանության հետ են:
Հայրապետական օրհնություն ու գնահատանք ենք բերում նաեւ Հայաստանում պապական նվիրակ Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտիին եւ բոլոր այն անձանց, ովքեր այսօր աղոթակից են եւ իրենց վշտակցությունն են բերում Մեզ, մեր Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասին եւ Սրբազանի հարազատներին:
Խորազգաց սրտով Մեր բարձր գնահատանքն ու շնորհակալությունն ենք հայտնում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինությանը, բժշկական անձնակազմին` Սրբազան Հոր հանդեպ իրենց հոգատար վերաբերմունքի եւ ցուցաբերած խնամքի համար:
«Ուր Ե°սն եմ« ա°նդ եւ պաշտօնեա°յն Իմ եղիցի» (Հովհ. 12.26),- ասում է Քրիստոս մեր Տերը: Այս հավատով ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենողորմ Տերը, որ երկնային բարձունքներում լույսերի մեջ պարուրի հոգին վաստակաշատ Իր սպասավորի` Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի, եւ Սուրբ Հոգու մխիթարությունը շնորհի Սրբազանի սգակիր քույրերին, մերձավորներին եւ բոլոր հարազատներին: Սիրելի Սրբազան, «ծառայ` բարի° եւ հաւատարիմ«
…. մո°ւտ յուրախութիւն Տեառն քոյ» (հմմտ. Մատթ. 25.21):Աղոթք եւ օրհնություն Ներսես Սրբազանի բարի եւ լույս հիշատակին»:
Վերջում Նորին Սրբությունը եւ ՀՀ Նախագահը մոտեցան եւ իրենց վշտակցությունը հայտնեցին Ներսես Սրբազանի քույրերին եւ հարազատներին: